Իրենց տունը, որուն դուրսի առաջին դուռն ալ իր փոր տված դրանդիներով հիմա համ պահե մը վերջ փլելու հակամետ վտանգավոր ծռվածքը ունի, ինքնին իր փորոքին մեջ բնակվող խեղություններուն համառ կյանքն ու կայունությունը կխորհրդավորե կարծես, տուն մը իր ներքնակողմի քայքայումներովն ու մթություններովն ալ շատ նման էր տերերուն, մեկ օրեն մյուսը անմիջապես չկործանիր տակավին, կանգուն կմնա, որ հենց անցորդը սարսռացնե, ինչպես Պեյրոս աղբար ու իր խեղճությունները իր դրացիները կլացնեն։
Խաչոյին կնիկը՝ աս ալ հիվանդ մը, ալ խեղճ հավ մը այլապես, որ անդարմանալի ու խոշոր ուռ մը ծածկելով իր վզին չիթերուն ներքևը, տարվե տարի ինքն ալ ահա այն տեսակ հավկիթներ ածեր է, կասկածելի ցեղայնության մը տգեղությունը մշտնջենավորելով։
Ասոնց մեջ ծայրահեղորեն արգահատելիները այն աղջիկներն են, այն ողորմելի խեղճերը, որ հակառակ քիչ մը իրենց բարեկազմիկ ձևույքին ու բանուկ ձեռքերուն, խնդրող մը չեն ունեցած ու չեն ունենար տակավին։ Երկուքը մանավանդ չափազանցապես հասունացած տանձեր, ո՞վ գիտե օր մը ինչ ըղունկներով պիտի փրցվին ու վերջն ալ տեսակ անակռա ու հոտած բերաններու մեջ պիտի ծամվին։
Խնդրողներ չեն ունեցած, ու ասի անոր համար որ համրերու այլանդակ սերունդ մը կներկայացնեն, թեև իրենք ազատ եղած ըլլային համբերության մը պես աղջկա համար մանավանդ մեռցնող խորութենե մը։ Ասոնք երկու ուրիշ մորաքույրեր ալ ունին հոս հոն ամուսնացած․ արի տես, որ իրենց մորը կարգին այն մյուսներն ալ մեկե ավելի համր մանչեր ծներ են, որոնց կուշտին աղջիկ ծնածները՝ մանչերուն դժբախտ, տարօրինապես դժբախտ զոհերը կմնան։
Պեյրոս աղբար ահա իր ութսուն տարեկաննոցի քամակովը այս դժբախտությունները կկրե. դեռ սակայն օր մըն ալ, երբեք օր մըն ալ տառապանքին հոգնությունը չի զգացած. գոնե կապրի տակավին, ինչպես խարխլած պատերու վրա իր տնակը կապրի։ Ինչի՞ն վերադրել տոկալը անոր այնքան ծանր ու անհանդուրժելի թշվառության մը բոլոր տեսակներուն։ Քիչ մը իր ապուշի անզգայության հանելով բաժին, մնացածը՝ բարոյական արիության մը, մնացածը՝ իր կրոնահայեցողության ըմբռնումի կերպերեն ապահովված չէ՞ր ըսվեր։
Ինչ որ ըլլա, լման հավատավոր մըն է իմ դրացիս, որ կսիրե