ըլլալու, ուծանելու խամ գայթումներով, ինչպես ձևազեղծություններու անձնատուր կմնա, ի՜նչ կնճռոտ բնազդներով կտառապի, ի՜նչ պիղծ երազներով կհևա։
«Բայց, է՜հ, ա՛լ չպիտի կրնայի համբերել, կըսեմ, սա վիճակներով դեռ կկասկածիմ, որ ինձի, իմ գորովանքիս ապավինող տիեզերքն ըլլա վաղը հանկարծ իմ գլխուս փլչողը․ կմեռնիմ, կրնա ըլլալ. այն պահուն իմ գործերս ալ կմեռնին, այն ատեն դուք քիչ մըն ալ ձեր վիճակին խորհեցեք. ես հավասարապես ձեզի ալ կմեղքնամ»։
Խորունկ, անշշուք մտմտուք մը սկսավ այս մտքերը մտիկ ընելու կանչված երկնաբնակներուն մեջք։ Դարերն ի վեր առաջին մեղդրող ձայնն էր, որ կլսցներ աստված իր շուրջիններուն, որոնք իրավ է որ իրենց գործերը մոռցած ըլլալու աստիճան ստամբակ մեկուսացումով մը հիմարացած՝ երբեն ի վեր էր, սպասող կերևնային կարծես, որ ծերացած աստուծո մահեն մը ետքը անոր ծիրանին բաժնեն մեջերնին։
Խաբվեր էին սակայն, ու պատճառն ալ ի՛նչ դերբուկ, ո՛րչափ աշխարհիկ։ Խաբվածները, հիմարացածները՝ անհուն բազմություն մը շողուն իրաններով գեղեցիկ հրեշտակներու, այս շատ բանավոր ազդարարության վրա շնչահեղձ՝ որքան շանթահար, թև բացին մեկեն ու իրենց գործերուն վազեցին։ Հոն միայն մեկը կտնտնար։
― Օհ, քեզի հետ մնացինք հիմա, կավելցնե մեծ տերը, ըմբոստ մը չես կհուսամ։
— Իմ գործս շատ ծանր է, տե՛ր, չեմ կրնար։
— Ի՞նչ գործ, ի՞նչ ծանրություն։
— Ա՛լ ես ան աշխարհը չեմ կրնար երթալ, ինծի վիճակվածը դժնդակ պաշտոն մըն է. մարզիկ ամեն օր կրակե անեծքներ կնետեն գլխուս. անոնք այնպես են պաշարվեր իբր թե՝ ես ըլլայի պատճառը իրենց լացերուն, մինչ ճշմարիտ է, թե ես մեռնողին միայն հոգեվարքին է, որ կհասնիմ, բայց որո՞ւ ըսես։ Անոնք դեռ ծնած ատենին ալ կուլան, խելքիս չի պառկիր։
— Շա՞տ կուլան։
— Շա՛տ, տե՛ր, շատ, նույն ճակատագրով վայողներն ամենքն ալ, ամեն օր ալ այնպես։
― Քուկդ գոնե անիմաստ առարկություն մը, այնպես չէ՞։
— Անիմաստ ինչո՞ւ, տե՛ր, երդում քեզի, որ ետևես հայհոյողներ ալ կան։