Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՝ մանկուր ձգեմ շլլինքնիդ, որ ալ ուզեք չուզեք, դոր ճեմբեն քելեք, ձեր իսկական բոն ու մսուրը ճանչնաք միայն, ձեր սուրբն ու սրբատեղերը համբուրեք միայն։ Ասածու սիրուն ըսեք թե՝ ալ ինչ ճար ճամփա մնըց ինծի։

«Հեմի դուք ձեզի ըլ հեչ երբեք չի խորհեցաք, թե էն տեղ օր ժամ պատարագ չըլլվիր, էնտեղ օր մաս նշխարհ չօրհնվիր, խաչ չի հանվիր, կամ ծնկաչոք աղոթելու տեղը աչք խրելով կաղոթեն եղեր, ալ ինտոր հավատալնիդ գեր, թե հոն էնտեղ մայրս մեր եկեղեցիին մեջ եղածին պես, տերն մեր Հիսուս Քրիստոս կուգա կբազմի։

Հապա ինչպես սուր բարկության տյառն չիջնա մեր գլուխներուն, ի՛նտոր ի՛նչ կերպով ցածուցանել վերուստին իրավացի ցասումը։ Քանի տարի էր օր մեր վարուցանին վրա լոպն ու մրջյունները կալ կհանեն, քանի տարի է օր գեղին թարաֆ էթրաֆը մեր պես լի հայվընակներուն գերեզմաններովը լեցվեցավ, ցավը, չոռը ամեն օր ախոռ կդարտկե, մեր տունուտեղը կպարպե, դուք ինչի՞ կուտաք էսոնց պատճառը,— մեր մեղքը, մեր ամբարշտությունները, մեր մոլար հիմար փախփխուկները անպատճառ։ Վաղը ի՛նչ ճուղապ տալ անոր, երբ հարցնելու ըլլի, ո՞ւր են քու մանկուքդ, տեր Պողոս, ո՜ւր քու սուրբ մանկունքներդ։ Ես պիտի կրնա՞մ սուրբ ըսել էն չարանավորդին, որ լուսավորչի հավատքը կփոխե։

Ու երբ էսպես, ես ըլ էն ահեղ դատաստանին օրը չպիտի՞ ըսեմ միթե, ահա սև մանկունք, սևերես մանկերանք իմ, տե՛ր, արա նոցա զինչ և կամիս։

Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, որ բարեխոս սուրբերն ու սուրբ զաստվածինը չընդունողներուն հետ, մեկ գեղի հետ ապրեցանք, մեկ աղբիրե ու մեկ ջուրե խմեցինք, ու անոնց երեսին մենք ալ նույն պատիժով պատժվեցանք»։

Ծերուկ գեղերեցը, ապա այս շարժումով ու միամիտ ուժգնությունով դեռ ուրիշ ու ավելի ծանր ծանր գուղձեր արձակելե հետո այն սևերեսներուն կամ նոր վարձերով երեսնին սևցնել պատրաստվողներու գլխուն, անգամ մըն ալ իր սովորականին պես, փաղաքշիկ օրհնություններու նախշուն ագարաթ մը կբանաձևե հոգնածի կտրատ հևքով մը, որ սակայն…

Բոլոր այս խոսքերը նախշուն կամ նշանակալի, բոլոր այդ տեղատարափը անկեղծ արցունքին, որ բարի ու հավատավոր հին քահանային աչքերեն կրնային հոսիլ, բան մը չեն կրնար դրջել, ամեն անգամ ալ միշտ նույն Գեդեոններու գտակներուն վրա կիյնան։