Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն, որ հոն որովհետև իր այարները տեղ գրավեր են ինքն ալ անպատճառ անոնց կուշտին պետք էր հաստատիլ, այս տեսակ բնազդ մը մենք կըսեինք ու աշխարհ ալ կվկայեր թե՝ մարդ չեղող կենդանին ունի միայն։ Իր անունը իր ծախած ապրանքին անունովը համբավված՝ Շալճին, աշխարհ անոր համար այս վկայությունն ալ կուտար թե՝ քաղաքամեջի վաճառականի մը չափ ու անկե ավելի շահ կհնձե անցած տեղերեն։ Չարչի մըն էր, բայց ոչ այն տեսակեն, որ ծախելիքը իրեղեններու ծրարները կռնակը պատելու կելլե, Շալճին հեքիաթին պեզիրկեանին հովերովը կանցնի դուռներու առջևեն, ձիով կպտտի, ու այս բոլոր ժամանակը ապրանքը էշերու վրա բեռցուցած ուխտավորի կարավան մը կվարե կարծես ճամփու երկայնքին, մնացածը սպասավորը կլմնցնե։

Այս կերպով անոր ձեռք բերած հարստության վրա առասպելներ կպատմվին։ Հարուստ մը իր այն բաներովն ալ, որ վրան կկրեն։

Ականջին արծաթ օղերուն հետ ձեռքի մատներուն գրեթե բոլորին ալ վրա մեյմեկ թանկագին մատնի անցուցած կերևցնե, Սարդանաբաղ մը ու պակասը միայն դաստակին ապարանջանը կերևա։ Իր կապած շալ գոտին միայն ագարակ մը կգնե կըսեին, ու ինչ որ ունի կամ ինչ որ կկրե վրան, գլուխը անոր քանի մը տեսակները ու ավելի սուղերը ունի։

Աղոյենց Մղտես Ակոբին հետ երկրորդ մը ինք է, որ փիյրոլ ժամացույց մը կշաչեցնե ձեռքին մեջ կափարիչին ցուցամոլ խբվածքովը, ժամացույց մը էն պզտիկ զարդամասը իր ունեցածներունն, որուն ճոխ շղթան գոտիեն դուրս վիժած պորտը կծեծե մինչև ու մնացած ավելիովն ալ կրնա իշու քուռկի մը դունչը սիրունկեկ պախուրց մը անցուիլ։

Քիչ մը ետքե տեսնողի ձևերը նշմարել կուտա վրան, բայց մեկեն կմտածես, որ գեղի քաղքցիի մը առաջին նմույշը պիտի ըլլա ան, կամ հին ծոփեցի թերևս։

Շալճին գեղեցիկ իր ամբողջ ձույլին մեջ։ Քառասունը անցած տարիքովը անկնճիռ ճակատ մը կպահե թուխ մույնքով մը։ Առնացի, թիկնեղ ու հասակն ալ աշտարակի բարձրություն մը։ Սև, թավ հոնքերուն տակ թարթած աչքերը այն տեսակ համոզիչ մեղմիչ բան մը ունին, որ կրնան վայրկենապես չոր ժայռին երեսն ալ կանանչ մամուռ մը ծնեցնել։

Պակասը, խոսելու պահին, իր ձայնին թոնը կամբողջացնե։ Թրթռակ խազերով մեղրոտ բառեր մը, կգենկեզնաս կարծես կամ