Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս անոր համար որ կհուսա, թե վաղը անոր տուն փեսա բերելու համաձայնություն մըն ալ պիտի կրնա կնքել։ Օտար տղան շատ անգամ էգին ավրող աղվեսն է ճոխ տունի մը մեջ։ Շալճին բաղդավոր մը ու քանի մը տեսակ հաջողություններով։

Իրեն համար համոզված պարկեշտ քրիստոնյան է ըսին հենց առաջին երևումով, Պաղսարին հավասար պատվավոր անդամակից մը նորակազմ եկեղեցիին, որուն որևէ մեկ անհատին այլ մասնավորապես անդամ նշանակված եղբայրակցության մը շրջանակին մեջ, հին մեղվոր գյուղացին չի կա այլևս։ Այս կարգինները մեջեն դուրսեն լվացված սրբություններ են կըսեն, սուտ բնավ չեն խոսիր, բամբասող մը սատանին դայեկը կճանչնան, մեկ մեկու հետ քրիստոնեական համերաշխություն մը ունին, եղբայրներ են ամենքն ալ, չեն հայհոյեր, մեջերնին կռիվ միջադեպ չի պատահիր, պատվիրված զգուշություններով կարծես իրարու հետ ժիր անգամ չեն խոսիր։ Ամեն մարդ իր ունեցածին տերը կմնա ու վայելքի մեջ նախանձի առարկա չի դառնար ուրիշե մը, յոթն օտար կնկուկ մը սիրելի քույր կկոչեն Քրիստոսով, ու կըսեն երբեք առջի հայրատ նայվածքը դեպի այն, կամ երբեք չար հետամտություն մը հինին պես նույնիսկ հրեշտակի դեմքով կնկան մը շուրջը։ Անոնք ինչ որ խոսին, սուրբ գիրքով կխոսին, սուրբ գիրքը անութներու տակ կարված հմայակ մը կցուցնեն։

Այս կերպով անոնք շատ բարձրեն կնային հին եկեղեցիին վերաբերվողներուն վրա, խեղճերը, որ պատկերին կհավատան ու խաչը կպաշտեն տակավին, հիմարները՝ որ Աբդլմսեհի պես կարգ մը սուրբերու բարեկամության կհուսան, ապուշները՝ որ քնաթաթախ հորանջումներով Տ․ Պողոսի մը սնամեջ բարբառույքներովը կլուսցնեն, իրենք մինչդեռ աղջամղջային խավարեն ոտքով գլխով ազատվածներ՝ բյուրեղիկ ճշմարտություններու անմահական սնունդ ունին իրենց հոգիներուն համար, ջուրը ուղղակի ակեն կխմեն, տեր Հիսուսի կհավտան միայն, գառնուկին միջնորդությունը միայն։ Միայն աղոթք, միայն խնդիրք ու միշտ տեր Հիսուսի ձրի շնորհքներովը։

Մսավաճառ մը այնքան մոլի աղոթավոր մըն էր կըսեին, որ երկարկեկ աղոթք մըն ալ կենդանին մորթել սկսելեն առաջ պիտի կափկափեր, «էս չորքոտանին, վուոր պիտոր մահացնենք հիմա, ո՜վ տէր, քու անունովդ ու քու միածին գառնուկիդ սիրուն համար պիտոր սպանանիենք ևայլն, ևայլն»։