Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամեն չի գար այն, դուրսեն ո՞վ կրնա ըլլալ։ Ձայնը վրաս այն տպավորությունը կընե իբր, թե հորի մը մեջ ինկած անկար ուլիկ մը դուրսի աշխարհքեն վերջին հրաժեշտը կուտա, և կամ ձայն մըն է այդ, որ Հագարի գեղեցիկ խանձարուրեն կհասնի դարերու այնքան խորունկցած աչքերեն. ես այսպես ըսեմ, դուք այդ ձայնը ողջ թաղված երեխայի մը ավաչն ըմբռնեցեք։ Ու նորեն լռիկ հանդարտության մը մեջ.

— Վասն մեղա՜ց մերոց։

Ո՞վ է այս, կաղաչեմ, մա՞րդ բանտարկած եք, տեր հայր։ Պատասխանը խնդուք մըն է, բայց, իրավ կըսեմ, ի՞նչ կար հոն, ձայնը մեր թիկունքեն կուգա. այդ կողմը, ժամուն ետևը, պատուհանի պես ծակեր ու մութ նրբանցքներ կերևին։

Վերջապես տրված բացատրության մը հետևելով կհասկնանք, թե այդ կողմը դպրոցը կգտնվի և պատժված աշակերտ մըն է այն, զոր կերթամ անձամբ կտեսնեմ։

Քուն եղած հավի մը պես ոտքին մեկը վեր առած իբր պատիժ կանգնած է ու պիտի կրկնե Սաղմոսին այդ համարը ա՛յնչափ, մինչև որ ջուրի պես գոց ըսե։ Տասը-տասնևմեկ տարեկան կա-չկա, գունատ, վտիտ ու խփված ալքերով։ Ամբողջ դպրոցը տասնևմեկ աշակերտ ունի, ամենեն պզտիկ թաղին դպրոցն է։ Բոլորին ալ հասակը նույն կերևի։ Անոնք որ նստած են տոշակներու (մինտեր) վրա, տոշակները հատակին փոշիներուն մեջ կորսված, անոնք ալ սգավոր տան մը մանուկներու լացեն ու կոծեն հոգնած ու լլկված արտահայտությամբ, ամենեն տարօրինակ երևույթին առջև, թող կուզե ուղտ մը առջևնին խաղ իյնա, անփույթ, անխռով, քթի բերնի վրա եկած ճանճերուն անգամ հաշտ կնային։ Թմրած ինկած են, մինչ թռչունները, իրենցմե ավելի պզտիկ, իրենցմե փետրավոր թևի մը տարբերությամբ զանազանված ըսենք, դուրսը հազար խաղ կընեն։

Ձեր հանցանքն ի՛նչ էր, ով ի՛մս ծաղիկներ, որ ձեր բունին վրա կչորնաք։ Կյանքը չապրած տակավին, հազիվ երեկ ու առջի օրը բերաննիդ մոր ստինքներեն զատված, այդտեղ նետած են զձեզ։ Դուք, կըսեմ, ձեր մեղքը ի՞նչ ծանրություն ուներ, որ դատապարտած են ձեզ ըսել, տակավին նոր լեզու ելած․ «Արդարութեամբ եւ յիրաւի ածէր զայս ամէնայն վասն մեղաց մերո՜ց»։

1893