Այս էջը հաստատված է
Կը թողում քեզ քու ներշնչումի քաղցրության և երաժշտության մեջ առանց ավելորդ զրույցներու․․․
Մնաս բարով, լրացո՛ւր քերթվածը․․․
- «Կեցի՛ր,— մրմնջեցի ես, բռնելով իր թևեն,— քու ներկայությամբդ ամեն ինչ կատարյալ է․․․»
- «Ո՛ չ,— ըսավ անիկա,— ներշնչումը պետք է հասնի իր
հաղթական լրումին»։
- Ու անիկա դուրս գնաց լռությամբ, թողելով զիս իր մարմինեն փրփրած բույրի ալյակներուն մեջ…
Ո՜վ գեղեցիկը և ամենակատարյալը բոլոր ստեղծագործության, ինչպե՞ս լրացնել անլրիվ մը լրիվ թողելով․․․
Իր կյանքի վերջին վայրկյաններն էին, երբ ես մոտեցա սնարին։
- «Մի՛ տրտմիր,— ըսավ անիկա, ցուցնելով ինձ տախտակամածին վրա տարածված արևուն տաքուկ շողերը։—
- Քեզի՛, Սիրելի՛ս, վայելքը արևու ճաճանչին, քեզի վարդերը և պատուհանին ալպյան մանիշակները…»։
Ես շուրջս նայեցա։ Անոնք բոլորը գեղեցիկ էին։
Դարձյալ նորեն իմ սիրուհիին, Անոր աչքերը գոցված էին վարագուրելով վերրջալույս մը իրեն ետին։ Շրթունքները տժգուն էին և խաղաղ…
Մահը դուրս ելած էր, և ամեն ինչ լուռ էր․․․
Ես դարձյալ նայեցա շուրջս և չգտա ո՛չ վարդ, ո՛չ արևու շող և ո՛չ ալ մանիշակներ…
Ես դառնորեն լացի և ըսի՝
- «Քու կյանքեն հեռու ո՛չ շող կա և ո՛չ ալ ծաղիկ․․․»։
Խաչե՛ զիս քու կուրծքին վրա և օծե՜ իմ հոգեվարքս քու կուսական բույրերով…
Երգ մը կաթե քու բուստերեդ իմ վերջալուսվող աչքերուս խորքը…