Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.
Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մարդուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տիրական։
Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։
Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չունենալ մեծությանց կառուցման մասին։
Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։
Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն