Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցազնական ոգին և ստեպ-ստեպ ավազակներ, «իգիթներ», «աժդահաներ» է հարուցել և հարուցանում, իսկ վերջիններս «շլապկավորի» հետ չունեին, և նրանց դուր գալու համար պետք է իրենց տարազով երևալ նրանց ձորերում։ Շատ անգամ հարցասերին չեն պատասխանում և թե պատասխանում են՝ ծուռ ու սխալ, որովհետև վախենում են մի «խաթաբալա» չի դուրս գա մեջիցը։

Դսեղ գյուղը գտնվում է Լոռում, Ձորագետ (Բերգուջ կամ Դեբեդ) գետի աջ ափի վերա, այնտեղ՝ ուր նրա երկու մեծ ճյուղերը միանում են։ Նա կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից մի փոքրիկ լեռնաշղթայով պատած։

Դսեղ բառը կարծելի է, որ «դուրս տեղ» բառերից լինի կրճատված յուր զատված դիրքին հարմար։ Բնակիչները զուտ հայեր են՝ հարյուր տնից ավելի։ Դսեղը հայտնի է յուր «իգիթներով», բնակիչների կյանքի սահմանը իրենց երկրագործական մաճն է, հովվական մահակը և որսորդական հրացանը։ Խոսելով փոքրիշատե Դսեղի մասին, իմ նպատակս է պատմել մի ավանդություն, որ իբրև տեղացի լսել եմ ծերերից։

Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք․ բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ ավանդությունը։

Դսեղի դիրքը իսկապես շատ ամուր է, սակայն բազմաթիվ ավերակները ապացույց են, որ աշխարհավեր փոթորիկներ են անցել այս տեղով և ինչ ասել կուզե, որ միայն շինությունները չեն ենթարկվել նրանց կործանիչ ազդեցության։ Այդ ամուր անկյունում ևս անպակաս է եղել խռովություն, սուր և հալածանք։ Նրա բնակիչները ցրվել են զանազան կողմեր և այժմ ամբողջ գյուղեր են կազմում։ Եղել է ժամանակ, որ գյուղն ամայի անմարդաբնակ է մնացել և բնակիչները գաղթել են ժամանակավորապես, օրինակ՝ Վրաստան։ Դսեղ գյուղի հին նշանները ցույց են տալիս, որ նա եղել է երբեմն մեծ ու հարուստ։ Գյուղից շատ ու քիչ հեռավորության վերա գյուղացիները շինության համար քար հա-

8