բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում, և արթուն, ուշի՛ ուշով հետևում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, և այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց։
Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի։ Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետևել ենք և հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի ու մյուսի քաղաքականությանը, խորհրդածություններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել, և, թող զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել։
Եվ այս սովորությունը, այս ադաթը այնպես է արմատացել մեր մեջ, այնպես է տիրել մեր ուղեղին, որ, շատ է հավանական, շատերի զարմանքն են հարուցանելու մեր տողերը, թե՝ հապա ի՞նչ կերպ կարող է լինել։ Կասեն՝ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք մամուլ ունենք, ինչպե՞ս չհետևենք լուսավոր ազգերի քաղաքական կյանքին։ Բայց երբ այդ կուլտուրական ժողովրդի մամուլի ներկայացուցչին, բարերարին ու գյուղատնտեսին դուրս են անում հայ գյուղից, նոր են խոստովանում, թե չեն ճանաչել հայ գյուղացուն ու հայ գյուղը, մի խոստովանություն, որ նորերս արին «Մշակում»¹, կամ թե չէ, այդ քաղաքակիրթ բազմությունը, որ քանի–քանի անգամ տեսել է եվրոպական ազգերի կուլտուրական ու քաղաքական գործերի հաշիվը, նոր է իմանում, որ իր թեմական դպրոցներում աշխարհաբար հայերեն լեզու չկա, և հալածված է եղել իր գրականությունը նրանց մեջ, ինչպես վերջերս բացվեց «Հորիզոն»-ի էջերում²։
8 Երկ. ժողովածու հատոր IV
116