Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ

— Այժմ ի՞նչ պետք է անեք խ. Աբովյանի արձանի համար, երր միայն 200 ռ. ունեք 18,000-ի փոխարեն, հարցրի Կուլտուրական Միության պ. նախագահին1։

— Երեկույթներ պետք է սարքենք, հարուստներին պետք է դիմենք, ուրիշ ի՞նչ անենք, պատասխանեց նա։

Ու սիրտս մի երկյուղ ընկավ։ Ուրեմն կարող է պատահել, որ այս ճանապարհով կանգնի Խ. Արովյանի արձանը, երևի վրեն էլ գրած «Հայ ազգը—իր մեծ զավակին»։

Ո՛չ, այդ անկարելի է, այդպես չպետք է լինի։ Հայ ժողովուրդը, ինչքան էլ անտարբեր ասենք, ինչքան էլ հոգնած ու աղքատ, թույլ չի տալ և թույլ չպետք է տա, որ այդպես լինի։ Դա մի տաղանդավոր գրողի արձան չի, դա մի անհատի արձան չի, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ կանգնելու է այնտեղ՝ Արարատի սրբազան դաշտում սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ։

Պետք է կանգնի հավիտյան ու անլռելի պատմի աշխարհքին հայի տանջանքն ու տենչանքը։ Սրա նման մի կոթող էլ կա, որ թերևս մի օր հայությունը կբարձրացնի Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա, որ նա էլ երկնքին պատմի, «ի խորոց սրտի» Աստուծո հետ խոսի ու դեպի վեր ուղղի «Ձայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի»…

Եվ կատարյալ կլինի։ Թող լսեն և՛ երկինքը և՛ երկիրը։ Եվ պետք է լսեն, որովհետև այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք։

Սրանց արձանները երեկույթներով ու հարուստների փողով չեն կանգնելու, այլ ազգի ընդհանրության։ Սա մի պարտականություն է, բայց միաժամանակ և մի իրավունք, որ վերապահված է ամեն մի հայի։

Խ. Աբովյանի արձանն էլ թո՛ղ ուշանա մինչև հարկավոր գոլ–