Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկավ հայ ժողովրդի թերևս ամենակուլտուրական այս հատվածը` այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով ու հոտով և այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը։ Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե մեր գավառները իրար ետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով, իրենց ադաթով, լավով-վատով, և ի՛նչ հաճույք կտան այդ երեկույթները, և ի՛նչքան բան կսովորեցնեն։

Մեզանում, Թիֆլիսում, այս կամ այն նպատակով երեկույթներ կազմելու ժամանակ նստում են գլուխ տրաքեցնում, մտածում, որ մի գյուտ անեն, մի նորություն հնարեն ժողովրդին հրապուրելու։ Ահա ձեզ գյուտը։ Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվար 2-ի գիշերը Թիլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին։ Թո՛ղ գան իրար ետևից Արարատը, Շիրակը, Ղարաբաղը, Լոռին, Ջավախքը, Զանգեզուրը, Նուխին, Շամախին, նույնիսկ Տաճկաստանի գավառները։ Եվ ի՛նչ գեղեցիկ կլինի։

ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ

Վերջացավ Շիրվանզադեի հետ սկսած աղմուկը1։

Վերջապես իմացանք, որ ամենքն էլ իրավունք ունեն քննադատելու, լավն ու վատը իրարից ջոկելու, վատը մերժելու, լավը վեր հանելու։ Եվ այս շատ լավ եղավ հենց իրեն՝ Շիրվանզադեի համար։ Այսօր տեսնում ենք նրա երեսնամյա գրական գործունեության հաշիվը և նրա լավ գործերի համար ցույց ենք տալու մեր հարգանքը։ Այդ, այն մարդիկ ու այն մամուլը, որ նրա մի անհաջող նախադասության վրա այսքան կանգնեցին ու զբաղվեցին2, եթե անկեղծ ու շիտակ մարդիկ են, ո՜րքան պիտի կանգնեն նրա տաղանդավոր գործերի առաջ ու ո՛րքան պիտի զբաղվեն նրա հատորներով։ Եթե մի ձախորդ խոսքի համար այսքան նախատեցին ու քաշքշեցին, ո՜րքան պիտի հարգեն ու գովեն ամբողջ գեղարվեստական գործերի համար։