Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արևելքում, դրա հետ միասին միշտ Էլ դեմ են եղել հայկական հարցին։

Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններն ու սկսեց իր պարսկական պատերազմները։ Էդ պատերազմները թե Գուգարք ու Սյունիք, թե Շիրակ ու Արարատյան երկրում՝ ազգային սրբազան պատերազմի նշանակություն ունեին հայերի համար։ Վճռվում Է պարսկահայկական հարցը։

Հայ ժողովուրդն ազատվում Է պարսկական դժոխքից։ Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում Էր ռուսաց զորքի առաջին։ Հայոց ինքնապաշտպանության խմբերը, որ կամավորներ Էին կոչվում, կռվում Էին ռուսաց զորքի շարքերում կամ ապահովում Էին նրա ճանապարհը թշնամու հարձակումներից։ Հայ ժողովուրդը իր ամբողջությամբ ոտի Էր կանգնել։

Եվ Էդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում Էր Պարսկաստանին։ Իհարկե, նա չէր Էլ մտածում հայ ժողովրդի մասին, և միայն մի ցավ ուներ—կտրել ռուսի առաջխաղացության ճանապարհը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները։ Եվ էդպեսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ։ Թե 1804—1807, թե 1810—13, թե 1826—28 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած՝ ռուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի Անգլիական կոմպանիան։ Ղարաբաղի ամրությունների ու էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների թագավորից– Շահերի Շահին պարգև»։

Սակայն վերջ ի վերջո հաղթվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը, այսինքն, պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը։

Հերթն եկավ տաճկահայկական հարցին։