Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է եվրրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը,և անպայման ամենադժբախտը։

Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։

Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի, հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար։

Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թյուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան՝ հասնելով իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա թե Բալկաններում և թե Արևելքում։ Իսկ եվրոպական մեծ պետությունները աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը։ Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ։

Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ պետությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացմանն Արևելքում–պետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին։

Եվ էսօր, եթե հայկական հարցը, ինչ ձևով ուզում է լինի — մի լուծում է առնելու, դա լինելու է Ռուսաստանի հաղթանակը կամ նրան փոխադարձաբար արած մի զիջում։ Եվ հավանորեն փոխադարձ զիջում է լինելու, քանի որ Անգլիան ու Ֆրանսիան էսօր հաշտ ու համերաշխ են Ռուսաստանի հետ։ Եվ էդ հաշտությունը, եթե կա, զարհուրելի է Տաճկաստանի համար, որ ապրել է նրանց անհաշտության պատճառով, հետևաբար կլուծվի և հայկական խնդիրը, և կլուծվի Ռուսաստանի նախաձեռնությամբ։

էսպեսով 35 տարվան շեղումից հետո՝ մեզ պատմության ընթացքը բերում է դարձյալ նույն տեղը։