Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ հիրավի, 1883 թվին, երբ ես առաջին անգամ Թիֆլիս եկա ուսումնարան մտնելու, ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն։ Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ… էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին։ Մանավանդ իրիկնապահերին։ Կիրակի ու տոն օրերը հո — գլուխ բեր, որ դիմանա։ Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը։

Տեսնողը զարմանում էր, թե՝ էս մարդիկը ե՞րբ են աշխատում, որ էսպես շարունակ ուրախանամ են ու պար գալի։ էսպես էր ապրում հին Թիֆլիսը—գժի նման։ Եվ դեռ ես հին Թիֆլիսը վերշին օրերին վրա հասա։ Ասում են՝ ութսունական թվականներից սկսած Թիֆլիսն սկսեց փոխվել– փչանալ, ուրիշ խոսքով ասում էին՝ վելիկի կնյազից (մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևչից) ետը մեր քաղաքը խարաբ էլավ։

Մեր Րաֆֆին մի բանաստեղծության մեջ շատ հաջող արտահայտել է թիֆլիսեցու էս վիշտը.

«Վատ ադաթներ ներս բերավ
Միր քաղքումը Եվրոպեն,
Քեփն ա սափեն դիփ կորավ,
Փըչացավ էսղանց օբեն…»։


Եվ ճիշտ որ փչացավ։ Մի կյանքից եթե զվարթությունը— քեփն ու սափեն հանես, էլ տեղն ին՞չ մնաց։ Մնաց հոգսն ու ջափեն։ Եվ գնա տարին տասներկու ամիս հոգս ու ջափի տակին տնքա— թե ապրում եմ։ Եվ ամեն օր հաշիվ արա, թե սա իրեն ջուրը գցեց, նա կախվեց, մյուսը կարբոլկա խմեց, չորրորդը, ինչպես մեր լրագիրներն են ասում, ատրճանակից իրեն զարկեց, և… ետևից էլ զանազան դատողություններ, որոնք սակայն ինչքան էլ խելոք լինեն, կյանքին ոչ մի ժպիտ չեն տալիս։

Դրա հետ միասին նկատեցեք, որ կորչում է ժողովուրդնԵրի անհատականությանը, առանձին ոգին, սեփական գույնն ու երանգը, էն ամենը, որ էնքան բնական են, ինչքան նրանց երկրի