Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարդա՜ն, իմ Վարդա՜ն,— մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ։ Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա — սը՜՜սս… հասարակությունը ամեն կողմից սը՜ս արավ ու լռեց, պատրաստվեց։ Էդ ժամանակ ես էլ ուզեցի պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ, վիզս որ ծոեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ՝ հանկարծ մի հազ բռնեց ինձ։ Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները — այսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ։ Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարցրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել — բրավո… բիզ, կեցցեն հայոց քաջերը… և այլն և այլն։

Խեղճ Ադամյանը մնացել է քարացած, մեջտեղը կանգնած։ Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ, նորից սը՜սս, նորից լռություն։ Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց։ Գործողությունը վերջացավ։ Վարագույրն իջավ թե չէ՝ ժողովուրդն սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել, իսկ Ադամյանը տեղից թռավ դեպի մեռելները կատաղած գոռալով.

— Ա՛ն ո՞վ էր, ծո՛…, բայց ժամանակ չկա, էնտեղ կանչում են, վարագույրը բարձրացնում են։ Գնաց։ Ես խառնակ դրությունից օգտվելով փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը։ ճանապարհին, դեպի բեմի ետևը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր ու աչքերն էլ բաց ներքև նայում։ Ես մտածեցի, որ էս աչքերի բացն էլ քանի չեն իմացել — շուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն։

Մյուս օրն էր թե մի երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չի, ծիծաղելով է պատմում էդ դեպքը և հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի։ Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ երբ իմացավ Ներսիպան դպրոցի աշակերտ եմ և ինչ պատճառով էի գնացել, իրեն գրքերից մինն էլ նվիրեց ի հիշատակ Վարդանանց պատե