Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էպոսի մեջ դա արքայազուն Մարկոն է, իսկ հետագայում էն սերբ հայդուկներն էին, որոնք՝ իրենց սեփական, ուժերի վրա դրած իրենց փրկության հույսը՝ դուրս եկան իրենց լեռներն ու հայտարարեցին՝ միանգամայն ընդմիշտ թուրքի դեմ։ Եվ որովհետև միանգամ ընդմիշտ թուրքի դեմ վեր էր կացել և Ռուսաստանը ու ծանր հարվածներ էր տալիս թշնամուն, դրա համար Ռուսաստանն էլ է մտել սերբիական ազգային էպոսի մեջ։

XVII դարում մի անգամ Սերբիան կարողացավ թուրքերից ազատվել, բայց եվրոպական պետությունները նրան նորից ետ տվին սուլթանին, և էսպես տևեց մինչև վերջին ու վերջնական ազատագրումը՝ 1878 թվականի ռուս–թուրքական պատերազմից հետո, մի պատերազմ, որը, ինչպես և այժմյան մեծ պատերազմը՝ Սերբիայից սկսվեց։

Ազգերի էպոսների հերոսները սովորաբար ընդհարվում են իրենց ծնողների հետ ու ընկնում են նրանց անեծքի ծանրության տակ։ էդ ընդհանուրի ճակատագրից չի խուսափում և սերբիական Մարկոն։

Մարկոյին առաջարկված է լինում դատ տեսնել՛ մի կողմից իր հոր ու հորեղբայրների, մյուս կողմից արքայազուն Ուռոշի միջև։ Մարկոն կողմնապահություն չի անում, դատը տեսնում է աստուծով ու վճռում է Ուռոշի օգտին։ Զայրացած հերն անիծում է նրան, գուժելով՝ թե քանի կենդանի է՝ թուրքի սուլթանին ծառայի, մեռնի անժառանգ, մեռնելուց հետո էլ ոչ դագաղ ունենա, ոչ գերեզման։ Իսկ շնորհապարտ Ուռոշն օրհնում է, թե՝ քանի արևն ու լուսինը կան՝ Մարկոն առաջին կտրիճը մնա աշխարհքի երեսին։ Եվ ոչ մեկի խոսքն էլ գետնին չի մնում, կատարվում են թե՛ Ուռոշի օրհնանքը, թե՛ հոր անեծքը։ Մարկոն միշտ մնամ է առաջին կտրիճը, սակայն միշտ էլ անտուն ու անտեղ, անհող ու անհայրենիք, մի օր Պրիլեպում իր Եփրոսիմե մոր հետ է ապրում, մյուս օրը Ստամբոլ է հայտնվում, երրորդ օրր Արարիայի սահմաններում, թափառական ու շարունակ ծառա թուրքի սուլթանին։

  • Անցյալ տարի էդ երգի թարգմանությունը տվինք՝ «Մոսկովի ցարի ընծաներն ու սուլթանի փոխընծաները»։ Հ. Թ.։