Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչքան նոր է մեր բանաստեղծությանը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնը։

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում։

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց Էսօրվան մեր հանդիսական հասարակությունն Է։

Մենք Էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին Էս տեսակ հասարակություն, Էս տեսակ դահլիճ, Էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։

Սա էլ ձեզ նման նոր Է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսան տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջներով ու նոր վերաբերմունքով։ Մենք էս տեսակ Ժողովուրդ չենք տեսել։ Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել։ Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային։ Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար։

եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգեվորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին։

Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ։

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը։ Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց