Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գդալով ջուր էր տալիս ու խոսում, անդադար խոսում… Մին էլ հանկարծ խոսքը փոխեց, թե.

— Ա՛խ, գիտեք նա ինչքան էր ուզում գա Կովկաս՝ տեսնելու իր մոր գերեզմանն ու իրենց դոան հին թթենին… Իսկ ես, ճշմարիտն ասեմ, վախենում էի դրանից։ Ամեն անգամ ինձ թվում էր, թե իր հայրենիքի հողն է կանչում, գա թե չէ՝ կմեռնի…

Բժիշկը եկավ։ Քննեց։ Վերևից ներքե մարմինը քորոցով ծակծկեց։ Արդեն կորցրել էր զգայունությունը։ Ապա թե աչքերը բաց արավ բժիշկը, վառած մոմը դիմացը բռնեց, մատով բիբերը շոշափեց—չէին շարժվում։ էլ հույս չկար։ Մարում էին։ Մի թույլ ու խոր թախիծ կար նրանց մեջ սառած մնացած…

Մի երկու ժամից հետո երբ նորից վերադարձա՝ կես ժամ առաջ մեռել էր։

Եվ տաք դիակի առջև կանգնած էն էի մտածում, թե—չտեսավ… Այժմ էլ, երբ ցավելով խոսում են նրա տառապալից կյանքի մասին, նրա գրական գործի մասին, նրա գործերի հրատարակության և այլ ավելի մեծ խնդիրների մասին—մի տարօրինակ համառությունով իմ սիրտն էլ էն փոքրիկ ցավն է բռնել, նրա վերջին կարոտը, որ՝ մեռնելով ձգտեց1 ու չկարողացավ հասնի, տեսնի ոչ իր բազմատանջ ու շատ սիրած մոր գերեզմանը, էն մոր, որ աղքատության մեջ, անվառարան, ցուրտ խրճիթում ծոցն էր առնում ու տաքացնում իր փոքրիկ Ալեքսանդրին, և ոչ էլ էն հին թթենին, որ ցուրտ ու բուք գիշերները իր պառաված ճյուղերով մթնում անդադար ծեծում էր նրանց աղքատիկ խրճիթի պատերն ու կտուրը, և որի վրա ամռան արևոտ օրերին էնքան թութն է քաղել ու խաղացել, զվարճացել մանկաց որբացած ու ամեն զվարճություններից, ամեն հաճույքներից զրկված Ալեքսանդրը…

Հ

ԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ է ԽՈՍԻ

Մենք, ռուսահայերս, սովորաբար Հայաստան անվանել ենք Տաճկահայաստանին։ Նույնիսկ Այրարատյան կամ Շիրակի դաշտից Տաճկահայաստան գնացողն էլ ասում է՝ Հայաստան եմ գնում։ էլ չեմ քննում, թե ինչ է սրա պատճառը, բայց էսպես է։