Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան թե ամբողջ Ռուսաստանում և սարսափում են իրենց ետամնացությունից՝ ինչ պետք է անենք մենք, երբ հաստատ գիտենք, որ ետամնաց Ռուսաստանի էս մի ժողովում, ուր ողբում են իրենց տգիտությունը՝ ավելի շատ գիտնականներ կան, քան թե ամբողջ հայոց ազգի մեջ…

Բայց ի՛նչ եմ ասում, ոչ թե ժողովում, այլ էս ժողովի միայն մի շարքում… իհարկե մեր խոսքը հայ գիտնականի մասին է։

Մի զարմանալի զուգատիպությամբ հենց էս միևնույն օրը, մայիսի 11-ին նշանակված էր Հայ Գրողների Ընկերության փակ երեկույթը, ուր ես մի համառոտ զեկուցումով պետք է ցույց տայի մեր գրականության ու գեղարվեստի խեղճությունը և գիտության կատարյալ բացակայությունը, որ մենք արտաքուստ ազատվելով, հոգեպես ասում էք ստրուկ և պետք է խորհրդածեինք Հայոց Համալսարանի ու Հայոց Ակադեմիայի մեծ կարեվորության մասին։ էնպես պատահեց, որ էդ օրը դահլիճը բռնեց հայ ուսուցչական համագումարը և, «զեկուցում կարդալու փոխարեն, նույն խեղճության հոգեկան ստրկության մամին ես ստիպված էի շատ ավելի սեղմ շեշտել Հայ ուսուցչական Համագումարի աոջև իմ ողջույնի խոսքի մեջ՝ իսկական, ներքին ազատությունը ակնկալելով ազատ դպրոցից ու ճշմարիտ լուսավորությունից։

Այո՛, մենք շատ ա շատ ավելի ենք ետամնաց և ավելի խոր էլ պիտի զգանք մեր հոգևոր ստրկությունը, ավելի ուշադիր էլ ականջ դնենք աշխարքի առաջավոր ժողովուրդների ու նրանց լավագույն զավակների կոչին, հետևենք նրանց, հիմնենք ու ազգովին պաշտպանենք Հայոց համալսարանը Հայոց Ակադեմիան, զարգացնենք ու ծավալենք գիտությունը, գրականտթյունն ու գեղարվեստը մեզանում։ Եվ մենք ամեն կողմից ընդունակ ենք էս բարձր նպատակներին հասնելու, լավագույն ազգերի բարձրությանը հասնելու, իսկ ես ամենին հասնելու համար արդեն ճանապարհը բաց է մեր առջև, ուղիղ ու պայծառ։