Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈԻՆ

I

Իմ թանկագին ընկեր, իմ հոգու ընկեր, Լևան Դավիդովիչ։ Ձեր հրապարակական նամակներում դուք ինձ առաջարկներ եք անում ու հարցեր եր տալիս, և ինձ ինչքան հետաքրքրում ու զբաղեցնում են ձեր արած առաջարկներն ու հարցերը՝ ևս առավել զմայլեցնում է էն պարզ» անկեղծ ու բարի սիրտը, որ երևում է ձեր տողերում, էն ազնիվ, բանաստեղծական հոգին, որով համակված են ձեր հոդվածները։ Լավ վրացու, իսկական վրացու սիրտն ու հոգին։

Եվ էդ տեսակ մարդը դեո հարց է տալիս; թե ի՞նչ պետք է անենք, որ մոտենանք իրար։

Ես ձեզ կասեմ.—էդ տեսակ սիրտ պիտի ունենանք։

Եվ տեսնու՛մ եք, որ ունենք։ Եվ դեռ էդպես շատ սրտերի տեղ գիտեմ ես։ Բայց, իհարկե, դուք ձեր սիրտը չեք տեսնում և ոչ էլ հաշվի եք առնում, ինչպես ե ձեզ նմանները, ճիշտ էնպես, ինչպես երեխաները տեղեկություն չունեն իրենց անմեղության մասին և առանձին նշանակություն էլ չեն տալիս։

Դուք էլ երկյուղով եք նայում էն անդունդին, որ վարել են մեր ժողովուրդների մեջ մեր կառավարող շրջանները։ Սակայն չէ՞ որ ժամանակն աշխարհքին նոր լոզունգ է տվել,— էդ տեսակ դեպքերում երես դարձնել կառավարող շրջաններից և նայել հասարակ ժողովրդին, ամեն մի ազգի ընդհանրությանը, և իսկույն ձեր երկյուղը կանցնի։

Դուք հատկապես խոսում եք հայ և վրացի ժողովուրդների մասին։ Նայեցեք հասարակ ժողովրդին։ Ես ձեզ մի կոնկրետ օրինակ բերեմ նորանցյալ հայ-վրացական դժբախտ ընդհարումից։ Ականատեսներն են պատմում։

Լոռու ձորում մի կամուրջ կա։ էդ կամուրջի մի ծերին կանգնեցրել են հայ պահակ զինվորին, մյուս ծերին՝ վրացի։ Նրանք երկուսն էլ հրացաններն ուսներին բռնած՝ համառ նայում են իրար։ Բանից դուրս է գալիս ընկերներ են, կռվի դաշտում տարիներ շա