Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Այ տա, հա՛, լավ միտս ընկավ, էն էր մոռանում էի, ահրմ հանգույց ու լուծում էիր ուզել։

Ես որ նամակիդ մեջն էս բաները կարդացի, ասի, ա՛խպեր, սրանք ինչ պետք է լինեն․ վերջը միտս եկավ, որ լուծումը անպատճառ ապտեկումը կգտնեմ․ ասեցի, հալբաթ հանգույցի համար էլ կհարցնեմ մագազիններումը կամ բաղկալխանումը․ ո՞վ գիտի, կարելի է ագուրցի լինի ղազախների համար։

Ապտեք գնալիս ճանապարհին պատահեց մի ծանոթ հուսումնական, թե՝ էդ ո՞ւր ես գնում․ պատմեցի։

Սա սկսեց ծիծաղել, ես մնացի կանգնած, երեսին պելացած․ վերջն ուշքի եկավ, թե՝ ա՛յ տնաքանդ հանգույցը էն ա, որ մի վեպի կամ պիեսայի մեջ, օրինակի համար, առաջ ծանոթացնում են գործողներին, նրանց նպատակը, ձգտումը, հանգամանքները կապում են կամ իրար դեմ դնում և ապա երբոր բանը բացվում է վերջանալու համար, և մոտենում է վախճանին աստիճանաբար, այդ էլ կոչվում է լուծումն։

Սրանից դենը դու գիտես, բայց այս ձևականությանը, կանոններին աշխատիր չստրկանաս։

Հենց նոր (28-ին նամակս կիսատ էր մնացել— 4 օր շարունակվում է) ստացա վերջին նամակդ— քո հիշատակարանից մի կտոր։ Բայց չէիր կարող— տո՛ ախմախ, մի քիչ բարակ թղթի վրա գրել, որ այստեղ ինձանից 14 կոպեկ չէին առել «доплатит»-ով։

Էսօր թղթերիս մեջ գտա մի ոտանավոր — փոքրիկ экспромпт, տակին գրած 89 թ. «վեչերում»․ բանից դուրս է գալիս, որ մի տխուր բն<ավորության> տեր սիրելի Նազելիի ուրախությունը ինձ շատ է դուր եկել և ես գրել եմ․―

Ա՛խ, երանի թե լիներ մի հնար—
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար․
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես․․․
Ա՛խ, երանի թե մնայիր այդպես․․․
Քո Հովհաննես
321

21 Երկ. ժողովածու հատոր IV