10. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱնԻՆ
Թիֆլիս—Բաքու
1000թ․ փետրվարի 19
Սիրելի Արսեն.
Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը։ Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք։ Ար-տա՜-սա՜հ-մա՛ն… ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք Է գործնական լինի, ինչպես որ եղած է միշտ։ Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում։ Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին։ Ոչ, սիրելիս, այդ թող. այդ արդեն ուտոպիա է։ Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ—գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել։ Մի մարդ, որ շաբաթներով կոնկով մի տեղ գնալու փող — 5 կոպ. չի ունենում գրպանում, ինչ լրբություն է—մտածի, թե գնալու եմ… Շռայլ բախտ կլիներ ինձ համար, եթե կարողանայի պարտքերս վճարել, այս կամ այն փողոցով անցնելու ազատություն ձեռք բերել կամ պարտք անելու կարիքից ազատվել։ Քեզ գրելու իսկի հարկավորություն չկա, թեև դու էլ ամեն բան չգիտես, որովհետև ինձ համար շատ ավելի թեթև է տանելը, քան ասելը,— ես այժմ եկել եմ այնտեղ հասել, որտեղից դենն էլ տեղ չկա. պետք է վճռեմ այսպես կամ այնպես. Զուտ գրող ու գրականությամբ պարապելու հնարավորություն չկա—ինչպես մինչև օրս էլ չի եղել։ Հույսերը դատարկ ոտներ են, նրանցով կարելի է ապրել օրինակ տասը տարի, ինչպես ես եմ արել, բայց 10 տարուց ավելի չի կարելի հույսերով ապրել ու ընտանիք պահել։ Այսօր իմ մի լավ ընկերս ու բարեկամս էլ — ինժեներ — որ Բաքու է լինում, մոտս էր։ Ասում է կարելի է հաջողեցնել ինձ մայրաքաղաքներից մեկն ուղարկելու գործը։ Իհարկե, աշխարհքում շատ բան է կարելի, բայց այսուամենայնիվ շատ կարելի բաներ չեն լինում։