Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդ՝ գանք գործին։ Աղայանցն այժմ այդտեղ է և ինձ ասում էր, որ այդտեղ մի ձգտում կա գրողներին օժանդակելու։ Եթե անկեղծ այդպիսի բան կա, դու էլ այդտեղ ես, խոսիր ու մի հաստատ բան գրիր։ Պարզ է, որ Բաքուն կարող է մի քանի գրողի վիճակ ապահովել։ Թող ենթադրեն- թե մի քանի քահանա էլ ավելի ունեն— եթե միայն գրողին քահանայի չափ կարևորություն կտան, թող փորձեն նրա կեսը, ինչ որ դրին թատրոնի վըրա2—դնեն գրականության վրա ու տեսնեն— թե բան չի դուրս գալ՝ կտրեն։ Վերջապես գրականություն ուզող ու հասկացող ժողովուրդը մի ձևով պետք է խրախուսի այդ գործը, թե չէ այդ կլինի ավելի, շատ ավելի, քան վաշխառությունը, բռնաբարությունը, ավազակությունը։ Այդ կլինի մի զարհարեյի դրամա, այդ հասարակությունը կնմանի մի մոլոխի, որ ինքը սառն ու անհոգի մի ոչնչություն, անզգա մի տարր՝ և մարդազոհեր է պահանջում, անմեղ կյանքեր է կլանում։

Ուրիշ բաների մասին այժմ չեմ գրում, առայժմ պատասխանիր իմ նամակին, որ ես կարողանամ մի վճռական կարգադրություն անել, իմ լինել չլինելու խնդիրը վճռել։ Ինձ թվում է, որ ես մոլորված եմ եղել, աշխատիր լուրջ լինել, հիմնական, հաստատուն բան գրել, և ոչ թե զանազան ենթադրություններով ու հույսերով դարձյալ խճճել այս դրության մեջ։ Ինձ օգնիր այս խնդիրը լուծելու գործում։ Եթե գրականությանն այժմ շատ էլ կարևոր չի մեր հասարակության համար և մասնավորապես էլ ես ոչինչ եմ գրականության համար, թող հասարակական վարձ ու նպաստը ավելի լավ նպատակների ծառայի, ինչպես եղել է մինչև օրս, իսկ եթե գրականությունը ձեզ է պետք և գրողն էլ գրականությանը— համեցեք հաշիվ տանք մեր պարտականությունների մասին– ոչ թե ողորմության խնդիր դնենք, ինչպես սովոր են ասել առանց ամաչելու, թե խոսքն ընչի և ում մասին է։ Հասցես՝ Бебутовск. 50*:

Քո Հովհաննես

ա