Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վպաստնները իրենց փառքը որոնել են նայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջ ծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»։ «Իրանց այս ընթացքով նրանք վնասել են ժողովրդի զարգացման գործին և հուսահատեցրել ե ն»։ «Եվ ի՞նչու»… հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր և հիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնց հորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»։

Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում։ Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակ կուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան ունի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել։ Այս անախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերի արժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել¹։ Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է։— Ի՞նչու, որ հայ գրողներին ասի տիրացուներ։ Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ։ Նույնպես և այդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մըտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջ պարունակում է անխիղճ զրպարտություն, իբրև թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղ կողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին։ Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տըվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձեր այսօրվա նախատինքին։

36

3 երկ․ժողովածու հատոր IV