Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15․ ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի-Կլյուչ-Թիֆլիս

1902 թ․ օգոստոսի 23

Սիրելի Ֆիլիպ․

Ես այժմ գիտե՞ս ինչ եմ ուզում, որ ամառը նոր սկսվեր, հեռու լինեինք ու սկսեինք մի նոր գրագրություն — գեղարվեստի մասին, սիրո մասին, կյանքի ու իր վշտերի մասին, անվերջ, անվերջ…

Շատ դուր եկավ ինձ Բինեի խոսքը, թե սերը–քաղց է։ Բայց որքան ղուր եկավ, այնքան էլ ծանոթ թվաց։ Չէ որ մենք էլ ենք ասում, թե կշտացանք — կարոտը, սիրո, կրքի հագուրղն առնելու մտքով– նրանից կշտացա, ասում ենք, կամ թե՝ կլինի՞ մի նրանից կշտանամ։

Ասում ես կարելի էր քաղցը գործ ածել։ Իհարկե, կարելի է, մինչև անգամ շատ լավ է, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը կրքի, տռփական սիրո մասին է։ Հենց, կարծեմ, այդ հոդվածի միտքն էլ այսպես է, ինչպես երևում է քո նամակից.

Ինչևէ, քո նոր ոճով խոսելով, դու գիտես, որ ես այժմ քաղցած եմ, բայց մի հանգամանք, որ ես այժմ դժվարանում եմ մի բառով ասելու, փչացնում է իմ ախորժակը, և ես շատ կափսոսամ, եթե բոլորովին կապվի։

Այստեղ գոչելու է դժբախտ Համլետի հետ — ո՜վ մարգարե հոգիս…

Մեր կանանցից մարդ չի դուրս գալ և մենք միշտ չկերած կկշտանանք, ախորժակդ այնպես կփակեն, որ երբեք քաղց չզգաս, գնաս ու որձկալով ման գաս։ Բայց ախար մարդ միշտ ունի մի քնքուշ էակի հետ գեղեցիկ — գեղարվեստական կապերով կապված լինելու կարոտը, երազային կյանքով երբեմն ապրելու տենչը։ Եվ անշուշտ դու համաձայն ես, որ այս ավելի օրինավոր և ընդունելի կապ է, քան թեկուզ Վանքի եկեղեցում կատարված և մետրիքական մատյան մուծած ամուսնական կապը։

Այս էլ կյանքի ամենախախուտ կողմերից մինն է. մարդիկ առհասարակ դժգոհ են. կնշանակի այսպես չպիտի լինի։ Ուրիշ