Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շրջապատված եմ ամեն հարմարություննրով։ Մի լավ բժիկ կա այստեղ և շատ լավ մարդ է (ռուս), միշտ հետևում է։ Սրա հանձնարարությամբ ու խորհրդով էլ ապրում եմ մի ռուս ընտանիքում, ուր, ինչպես ինքն ասում էր, ես կլինեմ под пазухой самого Исуса Христа. Եվ ճիշտ որ՝ շատ բարի, մաքուր ընտանիք են։ Տանտիկինը մի ժիր, աչքաբաց կին է, և ես ու մարդն ապրում ենք նրա пазуха-ի տակ։ Եվ ինձ համար միշտ գերադասելի է լինել մի կնոջ пазуха-ի տակ, քան թե նույնիսկ Հիսուս Քրիստոսի։ Թեև, տարաբախտաբար, բանաստեղծական ոչինչ չկա մեջը և հենց դրանով էլ застрахована.

Սքանչելի, սքանչելի օրեր են։ Չգիտեմ Դուք երբևէ աշնանը սղել եք բնության մեջ, անտառներում, սար ու ձորերում։ Աբաս–թումանի հովիտը լիքն է արևի շողերով, սոճի անտառների բուրմունքով, թռչունների աշնան–հրաժեշտի երգերով ու մի անուշ– թախծալի խաղաղությամբ։ Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում եմ սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնորում, չնայելով Ձեր խրատին։ Հաճախ, հենց այդ անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում, մեծ մասամբ այսպիսի հիշատակարանի ոտանավորներ.

Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նորա պատկերը կարոտ
Իմ մըտքո՜ւմ… ինձ մո՜տ…

Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում…
Ցոլում են աչքերն… ըզգեստը շըրշում…
Լըսվում են արագ քայլերը ծանոթ…

Իմ շո՜ւրջը… ինձ մո՜տ…

Բայց, ա՜խ, միմիայն չի գալիս կըրկին
Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին..․
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
Տըխո՜ւր, գըլխակո՜ր։