Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ ժամանակները քաղաքներից երիտասարդները հազար ու մի նեղություններով իրանց գցում են եվրոպական համալսարանները, և միշտ հիշելով հայրենի երկրի խեղճությունը— օր ու գիշեր ճգնում ու տքնում են նրա համար լույս ու մխիթարանք բերելու լուսավորության արևելքից։ Եվ իրար հետևից վերադառնում, գալիս են բարոյական ու կենցաղավարական նոր հայացքներով ու հասկացողություններով, ժողովրդի լուսավորությանը ծառայելու, նրան բարձրացնելու տենչանքներով վառված ու ոգևորված սկսում են մի մոլեռանդ գործունեություն—մի չտեսնված իրարանցում ձգելով ընդարմացած ժողովրդի խավերի մեջ։

Այդ՝ կենդանության թարմ ու առողջ մի շունչ էր, որ փչեց մեր քնաթաթախ թմրած կյանքում սթափեցնելով ու ցնցելով՝ մինչև ուր հասավ։ Այդ մեր նոր կյանքի արշալույսն էր, որի նշույլները հենց որ սլացան մեր խավար կյանքում—ազատարար կոչնակի նման Ռուսաստանի հյուսիսային ծայրից լսվեց ազգային վերածնությանը հառաջընթաց բանաստեղծի ձայնը—


{{Աջաթև|Ս. Շահազիզ)

Այդ բոլորովին նոր երգ էր, նոր խոսքերով ու եղանակով։ Նա պարզ ու հասկանալի լեզվով հառաջ է կանչում ժողովրդին, գիտության, կրթության, լույսի ու ճշմարտության անունով էր հուզում ու խրախուսում, յուր ոգևորության հետ հասարակաց պիտույքն էր բարձրացնում Պառնաս, և ձգտում էր լինել հասարակաց զգացմունքի թարգմանն ու բարձր արտահայտությունը։

Հիրավի մի այլ երկնքի տակից Պեշիկթաշլյանը կանչում է.

Տուր ինձ քո ձեռքդ, եղբայր եմք մեք, Որ մրրկավ էինք զատված. Բաղդին ամեն ոխ չարանենգ *Ի մի համբոյր ցրուին ՛ի բաց։