Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մագրության և հայագիտության ֆոնդի մասին, որ թարգմանի Ակադեմիա։ Գուցե լսած լինիս և այլ աղբյուրներից։ Արդ, որովհետև 400-ամյակը շատ պատեհ դեպք է, որովհետև և մեր ժողովուրդը և ունևոր մարդիկ այս դեպքի առիթով հեշտ մի բան կանեն, և վերջապես մի գիտության օջախ ենք ունենալու— դու էլ մեր հանձնաժողովների հանձնաժողովի— կենտրոնականի նախագահն ես և հետևաբար այս դեպքում ազգի մեջ կենտրոնական մի դիրք ունես, քեզ վրա է ընկնում մի շատ լուրջ գործ անելու պարտականությունը։ Շատ կուզենայի քո կարծիքն իմանալ Պետերբուրգի առաջարկի մասին։ Այն էլ իմացած պետք է լինես, որ եթե հարցը արծարծենք մամուլի մեջ և ընդհանուր մի ուշադրություն հրավիրենք գործի վրա՝ հաստատ համոզված եմ, որ մեծ նվիրաբերություններ են լինելու։ Հարմար առիթ է և մեր հարուստների համար իրենց հիշատակը հավերժացնելու, կապելու էդ լավ գործերի ու լավ օրերի հետ։ Քո և մի երկու հոգու մասին շատ ենք խոսել Մառի, այդ շատ լավ մարդու հետ։ Եթե կարողանայինք այն տեսակ մի գործ կատարել, այսինքն ճիշտ որ գիտության մի Ակադեմիա ունենալ և Մանռ էլ այնտեղ… Նա ինքն էլ շատ է ուրախ և ուրախությամբ էլ ընդունեց Պետերբուրգի հանձնաժողովի անդամությունը, կանի ամեն բան, ինչ հնարավոր է, և վերջապես այնքան բան է անում— միայն մենք չկանք։


Սրանից էլ լավ դեպք չի կարող լինել, որ մենք էլ ազգովին մի շարժվենք գիտության համար։ Ախր շատ ենք անգետ ու կույր— գյուղից մինչև քաղաք, հոգևորական ու աշխարհական, գրող ու ընթերցող տգե՜տ, տգե՜տ, ամեն բանից, սկսած մեզանից, մեր պատմությունից, մեր կյանքից։ Ահա, տեսնում ես էլի, լուսավորության (ամենալուրջ կերպով) ջահն ու տաճարը գազեթն են համարում, և, հիրավի, ուրիշ բան էլ չկա մեջտեղը։


Այստեղ մտադրություն ունենք մի նեղ շրջանում, ով հետաքըրքրվում է մեր երկրի ու արևելքի պատմությունով ու հայագիտությունով, մի հավաքվենք խորհրդակցության, թե ինչ պետք է անել, և ինչ կարելի է անել։


Ջերմ բարևներով՝

քո Հովհ. Թումանյան

Հասցես. Тифлис, Вознесенская 18.