Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք, այսինքն մեր կառավարությունը, ցույց տվեց իը կատարյալ ապիկարությունն ու սնանկությանը ամեն կողմից։ Ճշմարիտ է, ամբողջ երկու տարի ես հայհոյում էի ամեն մեկին իր երեսին բայց բանից դուրս է գալիս նրա տասներորդական մասն էլ չեմ եղել իմացած, ինչ որ կատարվելիս է եղել և ինչ որ այժմ պատմում են իրենք — փախած պաշտոնյաները։

Վերջապես դարձյալ Ռուսաստանի ճեսքով, էն էլ նոր, ազատ Ռուսաստանի։ Իհարկե, դեռ անցողական դրություն է, հեղափոխական շրջան—կարող են կոշտություններ պատահել, բայց էս ժամանակամիջոցը կանցնի, կարգի կգա և ամեն բան շատ լավ կլինի։

Մուշիկն¹ էլ երևի ձեզ մոտ է։ Զարմանալի բան է— ամենքին էլ խնդրել էի, որ էդ երեխի ջութակը տան իրեն բանտում, ամենքն էլ խոստացել են, և բանից դուրս է գալիս տված չեն եղել։ Համբուրեցեք իմ կողմից և ասեք հիմի հեշտությամբ կարող է գլուխ գալ, թող գնա Ռուսաստան կատարելագործվելու, չէ որ ափսոս է։

Շատ ենք անհանգիստ ձեր կողմից, թե ոնց եք ապրում, փող ունեք, թե չէ։ Ոչ մի տեղեկություն չի գալիս։ Ահա առաջին անգամն է, որ մի պատահական մարդու միջոցով կարողանում ենք նամակ ուղարկել։ Չեմ իմանում ով է, որ փող էլ ղրկեմ։ երկու օրից հետո ուրիշն է գալիս, փող էլ կղրկեմ երկու օրից հետո։

Որովհետև բոլշևիկների և իմ բարեկամությունը — Մոսկվայից սկսած մինչև Երևան—սերտ է և հայտնի եմ իբրև համոզված ռուսոֆիլ — էդ ամենի վրա հենվելով մի դիմում եմ անում Ռևկոմին և Լենինին² (էս էլ ուրիշ)– իհարկե, ընդհանուր շահերըն ունենալով ի նկատի։

Մենք ամենքս շատ լավ ենք, բայց ձեզանից նամակ չըստանալը մեզ շատ է տանջում։

Հույս ունեմ, որ ամենքդ էլ գործի կլինեք — գուցե Հովիկն էլ։

Լսում ենք, որ էդտեղ ձերբակալություններ են եղած, բայց իհարկե, հաստատ բան չենք իմանում։