Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չեմ իմանում ումն եք պատահում և ով[քեր] են լինում ձեզ մոտ, ով որ լինեն — բարևեցեք։ Եվ գրեցեք ով կա նոր, ով չկա մեր ծանոթներից ու բարեկամներից։

Հովիկին շատ համբույրներ պապիկից ու ամենքից և ձեզ ամենքիդ։

Հայրիկ

Ինչպես տեսնում եք՝ էս նամակը ութ օր աոաջ է գրած ու նույնիսկ ղրկած։ էսօր 25-ն է, ետ են բերել, չեն գնացել։ Վրես ավելացնում եմ։ էս ութ օրվա ընթացքում շատ բան իմացանք։ Եկավ Ալեքսանդր Իվանիչն իր ընկերների հետ, պատմեց էդտեղի մասին, ձեր ամենքիդ մասին։

Շատ ուրախացանք, որ ամեն բան լավ է գնում, ու դուք էլ ամենքդ գործի եք, մանավանդ շատ ուրախացա, որ վերջապես Մուշիկն իր գործին է—երաժշտությունով է զբաղվելու։ Ես էլ նրա պես եմ անելու։

էստեղ էլ ամեն բան լավ է։ Ռևկոմի ներկայացուցիչն է Դանուշը12, իսկ Դանուշը գիտեք, թե ինչ հրաշալի մարդ է։ Կարծում եմ ամեն բան լավ կլինի, միմիայն մի պայմանով, որ տաճիկներն ու Անտանտան էլ խելքի գան, վատությանը վերջապես մի վերջ պետք է լինի։ Իսկ եթե սրանք խելքի չեկան— շատ վատ գարունք կունենանք։ Ալ. Իվանիչն ասավ, որ ձեզ մոտ է, փող է թողել, էստեղ կվճարենք իրեն, դրա համար էլ ձեզ ուղարկում եմ մեկ հարյուր հազար չեկերով — տոների համար։ Իսկ եթե պարտք–բան ունեք, գրեցեք կամ Գեորգի հետ, որ էսօր է գալիս, կամ Դանուշի հետ, որ մի երկու օրից կգա։

Մեր մասին էլ ինչ գրեմ — բոլորը լավ են, ասել Անուշը՝ իրենց համար «հռհռոցը գցած» ապրում են անպակաս։

Բերելը դժար է, նրա համար էլ շատ բան չենք ղրկում, մի երկու բան են ղրկում—կգրեն։

Դե, ամենքիդ համբույրներ։

Հայրիկ

Վերնատանից գրեցեք, ասեք որ համբուրում եմ ամենքին։ Կգրեմ։