Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն Ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չուխի թևերը ետ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարդապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք՝ ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա: Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։«Արի՛»,— դուրս էր կանչում վարժապետը հետնյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն կասի, դու Էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է ՝«Ասա՛ այբ»։

— Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

— Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սահակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սահակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11 տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի¹ վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ—երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրա–

56