Հայկն աներ հրացան, Նապոլեոնն աղեղ.
— Ո՞վ հաղթեց.— անշուշտ մեր Հայկը ահեղ»։
Հիմի ժողովրդից հարցրեք։ Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրորդը ասում է սոցիալիստ է…
Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտվի հին արձանագրությունների կողքին աչքերն արցունքով ու վշտով լիքը։
Հապա գրականությո՞ւնը։
Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, և սակայն քանի՞ հոգի կգտնեք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը։ Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում երկինք են հանում, կամ պախաբակում ցեխն են կոխում։ Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի, էստեղից մի կտոր, էնտեղից մի բրդուճ, հաճախ ծուոն ու սխալ։ Եվ որքա՞ն գրական տգիտություն, ի՛նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները։ Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը։ Իսկ գծծիությո՞ւնը… Ամբողջ նոր գրականության արժեքն ի՛նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք,— մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականաթյան արժեքը… Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ… Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՜ս— էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։
Լեզուն հո… գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ