Այժմ էլ դուք։ Եվ իմանալուց հետո, թե Դուք ո՛վ եք, ճշմարիտն ասեմ, հավատում եմ Ձեր «սիրո ու հարգանքի» հավաստիացումներին, բայց էդ ի՞նչ զարդերով եք զարդարում Ձեր «սիրո ու հարգանքի» առարկան։ Բա՞ն եմ «պարզել,- քննադատեցեք։ Համաձայն չե՞ք։ Խիստ քննադատեցեք։ Կպարզվի, վերջը կերևա՝ ո՛վ է ուղիղ դատում։ Բայց վիրավորական, ափեղցփեղ դարձվածքներով վեր կենալ մի, ինչպես Դուք բարեհաճում եք վկայել, «սիրած ու հարգված» գրողի դե՞մ…։ Դուք եթե գիտեք ի՛նչ բան է սիրած ու հարգված գրողը, ի՞նչպես եք կարողանում միաժամանակ նրա հետ էդքան անվայել ոճով խոսել, երբ նա Ձեզ ոչ մի բառով առիթ չի տվել, վրդովել, զայրացնել մարդուն ու մի օր էլ չքմեղ ձևանալով՝ կանգնել ու աշխարհքի առաջ աղաղակել, թե՝ տեսեք, մեր բանաստեղծը ի՞նչ հանդուգն խոսքեր է ասում ինձ։ Սե՜ր, հարգա՜նք ու հետն էլ չգիտես ի՜նչ համեմներ… ի՞նչպես եք էդ երկոտն իրար գցում, պ. Գ. Վ. խնդրեմ էս էլ բացատրեցեք։
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ <<ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ» ԴԱՐՁԱՎ АМЕРИКАНСКАЯ…
«Հորիզոնի» № 95-ում Մոսկվայից պ. Արմանը գրում է, թե իմ «Անբախտ վաճառականները» թարգմանած ու տպած է ռուսերեն և ոչ գրած է հայերենից, ոչ էլ իմ անունն է հիշած, այլ հրատարակած է որպես ամերիկական ժողովրդական զրույց, և հարցնում է՝ ես գիտե՞մ էդ մասին, թե չէ։
Այո՛, գիտեմ, և ահա պատմեմ, ինչ որ գիտեմ։ Դեռ անցյալ տարի իմ բարեկամներից մինը մի օր ինձ հարցրեց, թե արդյոք էդ ոտանավորը ինքնուրույն գրվա՞ծք է, թե թարգմանություն։ Եվ իմ զարմանքին պատասխանեց, թե ճիշտ դրա նման ամերիկական մի ոտանավոր կա ռուսերեն թարգմանած՝ նրա համար է հարցնում։ Ես պատմեցի, որ էդ առակը աշակերտ ժամանակս ես Լոռի իմ քեռուցն եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է։ Միայն «ջրի պեպենակ»-ի (թիթեռ) տեղը ես դրել եմ