Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ

                         «Մեռնել-քնել»
                               Համլետ

Ոգևորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն—
Լիր, Օթելլո և Համլետ։

5 Մեռավ— քնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան։

Էլ չի լսվիլ նորա ձայնը
10 Իմաստներով ոգեշունչ,
Հավերժացավ աստվածայինը,
Մնաց դիակն անմռունչ։

Եվ կըհանգչի լուռ և անշարժ
Դերասանը քարի տակ,
15 Բայց կպատմի քարն ապառաժ
Մրրկալից հիշատակ։

Եվ այցելուն պիտի կանգնե
Շիրմի առջև փառագոչ,
Սրտի խորքից բացականչե
20 Ձայնով հպարտ ու դողդոջ—
            «Ոսկերացդ հանգիստ,
            Աննման արտիստ»։

98