Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ մարդիկ, ախր դուք կարգին հանգիստ մարդիկ էիք, էս ի՜նչ պատահեց, էս ի՞նչ կնշանակի։

Թե՝ վեց հազար ռուբլի ես ստացել, ախպեր, որ հիմի է չտաս էլ (էստեղ ընդհատեցին, մարդիկ եկան և նամակս հինգ օր մնաց կիսագրիլ), երբ պետք է տաս։ Բանից դուրս եկավ, որ հրատարակչականի վարչության անդամները հաշվել են ու տարածել, թե ես 6.000 ռ. եմ ստանալու, վերջն էնպես է դուրս եկել, թե ստացել եմ։ Եվ ահա մինչ էսօր էլ պարտքատերերիս դեռ չեմ կարողացել տեղներր նստեցնելու— մի անգամ թառժաժ լինելուց հետո։ Ապա թե զանազան մեծ ու փոքր աղմուկներ, որ իմ գլխից անպակաս են։

Բայց պետք է ասեմ, որ արդեն գործնական քայլեր եմ անում կյանքիս ձևը փոխելու և նվիրվելու գրականությանը։ էս մտքով նույնիսկ ձեռնամուխ եմ եղել մի շատ լուրջ գործի—ապահովել մեր գրողներից մի տասը — տասնհինգ հոգու։ Գրողների ընկերությունը որոշ հարմարություն է տալիս էս քայլն անելու, և առաջին փորձերս հաջող են։ Ուրիշ կերպ անկարելի է։ Շատ է հեռու էն օրը, որ մենք սպասում ենք, թե գրական մի հասարակություն կունենանք։ Փոքր ենք, քիչ ենք, գրողներ չենք կարողանում պահել։ Իսկ գրողներ կան ու փչանում են, մեղք են, ափսոս են։ Մեզանում մի նավթի հոր փորելու վրա հարյուր հազարներ են ծախսում, թե ինչ է միջիցը նավթ է դուրս գալու, մարդկանց հոգին ինչով է պակաս էն գետնից, որ նրա վրա էլ ծախս անենք փորելու, մշակելու, և պոեզիան նավթից ինչով է պակաս, թող մի քիչ էլ դրա վրա ծախսենք։

Հետևում եմ ձեր դրական երեկոներին․ վերջապես կարդացի և Աթաբեկյանի դասախոսությունը ու էսօր էլ նրա հոդվածը «Մշակում»1։ Բայց էս մասին շատ բան ունեմ ասելու, շատ։ էս ժողովուրդը շատ բան կտա, և ճարպիկ մարդիկ, և խելոք, և գիտնական, և քաջ, բայց լավ մարդիկ դժվար կտա։ Լավ մարդը—էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է—և ամենահազվագյուտ։ Բայց վախենում եմ