Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց քո հարցումներին գանք3։

Արևը — ածական է աշխարհքին։ Որ արձակ կարդաս՝ հեշտ կհասկանաս… մտիկ արավ՝ որ էն արև աշխարհքը և այլն…

Ալարել — բառ չկա իմ ոտանավորի մեջ. կա սալարել, խղճացած մոլորվել կնշանակի։

Մընըրվել—կնշանակի ինքն իր մեջ քաշվել, ամաչել, սիրտ չանել մի բան ասելու, անելու։

Շահելը—միևնույն պահելու իմաստն ունի, մեր ժողովուրդն էդպես էլ գործ է ածում—շահել-պահել։

Տեղ չի ունեմ… էս չի-ն մեր շատ հարազատ ու սովորական չի-ն է։ Ճշմարիտ է, որ գրականի մեջ գործ չի ածվում, բայց ժողովրդական բարբառի մեջ սովորական ձև է և սխալ չի։ Այլապես կարող էի ուրիշ բան ասել «չունիմով»։

Շատ շնորհակալ եմ ժամանակին տեղեկացնելուդ համար և հույս ունեմ՝ սրբագրությունն էլ խնամքով կկատարվի։ Առհասարակ սրբագրությունից ես շատ եմ վախենում։

Երանի թե կարողանամ ամեն №-ի մի բան հասցնեմ։ էս անտեր քաղաքը և զանազան ներքին ու արտաքին ցավ ու հոգսեր մարդու՝ ճշմարիտ որ՝ սպանում են։ Տարիները անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ։ Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի։ Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է։ Ասին՝ ընչի ես սպասում ։ — Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ։ Ճիշտ էսպես, մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք, պարապենք… ու շարունակ սպասում ենք։

Շատ բարևներով՝

քո Հ. Թումանյան

Баку

Боадарная,114

г. Цолаку Ханзадяну