Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ քիչ բան է փոխվել։ Ինչ որ դու գնացել ես, ոչ մի բյուրոյի նիստ չենք ունեցել (գուցե մեկը)։ Մեր բյուրոն՝ Հակոբը հիվանդ է, հիվանդանոցումն է2։ Իսկ բյուրոյի, կամ ավելի ճիշտը՝ «մերոնց» ոմանց վրա պատմություններ են պտտվում արդեն ամբողջ քաղաքում՝ դրամական բովանդակություն ունեցող պատմություններ, և, ինձ թվում է, թե մոտիկ առաջիկայում շատ անախորժ նիստեր պիտի ունենանք։

էս ամենից վախեցած՝ Անդրանիկը մի երկու անգամ դիմել է բյուրոյին (գրավոր), որ իրեն հաշիվները տեսնեն ու մաքրեն։ Պատասխան չի ստանում։ Անցյալ օրը մի նամակ էր գրել, ուզում էր մամուլի մեջ դուրս գա բյուրոյի դեմ՝ պահանջելով, որ վերջապես իրեն հաշիվը տեսնեն3․ նամակը ձեռքիցն առա, տվի Խատիսյանին։ Մի խոսքով ամեն բան էնքան է խախուտ, որ ամեն կողմից ճռճռում է։ Տեսնենք ում գլխին է քանդվում։ Թուրքահայերի դժգոհությունն էլ մյուս կողմից է արդեն անցնում ամեն չափից ու սահմանից։ Ինձ մոտ մի քանի ժողովներ արին։ Աշխատում ենք մի ելք գտնենք, գոնե էս փորձանքից խուսափենք։ Մի խոսքով անտանելի դրություն է ստեղծվել, որից աստված ու կաթողիկոսը քեզ ազատեցին4։ Բայց մարդ արարածը միշտ ապերախտ է, թեկուզ մինչև անգամ եպիսկոպոս լինի։ Եվ չեմ իմանում էս լավությունը դու պիտի գնահատե՞ս, թե չէ։

Սասունցիք Ղարաքիլիսա սպառնացել են կենտրոնականի մարդկանցը, թե պիտի սպանենք, և զգուշացրել Սամսոնին, թե թող էս կողմերը չերևա5։ Մի երկու անգամ Մխիթարի հետ խոսակցություն ենք ունեցել6։ Խեղճը համարյա իրեն կորցրել է։ Դժգոհությունն էլ նրա դեմ շատ շուտ ծեր տվեց։ Անցյալ օրը ինձ կանչել էր, թե ինչպես անենք, որ թուրքահայերի աղմուկի առաջն առնենք։ էս բանից շատ է վախենում։ Եվ հիրավի, սպառնալից կերպարանք է առել։ Գրեթե անընդհատ, տասն օր է՝ մոտս ժողովներ են լինում։

Բայց սրա հետ միասին մի լավ լուր էլ տամ։ Հիշո՞ւմ ես, որ անցյալ տարվանից աշխատում էի մեր գրականության ու կուլտուրայի ապահովության ու զարգացման համար մի բան