Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակ հասցնել — գրեցեք Типография Сукиэсяна, հանձնել ինձ։ Ես կարծում եմ —անպատճառ ճամփին երեխանց կարզինկաներից բան են հանելու։ Գլուխը քարը — միայն թե իրենք լավ հասնեն։ Երեկ Ս. Խաչ քաղաքից եկան հրավիրեցին։ Տեսնենք։ Լավ կացեք մինչև գամ։ էսօր ճաշին Խանաղյանների շրջանումն էի — շատ լավ էր, շատ էին ափսոսում, որ երեխեքը գնացել են – չեն տեսել։ Ամենքիդ համբույրներով

քո Հովհաննես

270. ՕԼՅԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Պյատիգորսկ — Թիֆլիս

1917, հոկտեմբերի 2, ‹Պյատիգորսկ›

Սիրելի Օլյա,

Ինչպես գրել էի, աղջիկների գալուց հետո ես անմիջապես տեղափոխվեցի։ էլ չկարողացա էնտեղ մնամ։

Հյուրանոց էի գնալու, բայց մի Բզնունի ունենք, աղջկերքը լավ գիտեն, եկավ, չեմոդանս առավ, տարավ իր սենյակը։ Նոր սենյակ է բռնել քաղաքի կենտրոնում (Սուքիասյանի տպարանի կողքին)։ Մյուս օրն ևեթ գնացի Կիսլովոդսկ։ Հրաշալի է Կիսլովոդսկն այժմ (և Պյատիգորսկն էլ)։ Պարկը խոլվաթ, հրաշալի աշնան անտառ, անուշ եղանակ, և ամբողջ օրը մուզիկան նվագում է։ Ո՞րտեղ է Անուշը…

Շարունակ հրավիրված էստեղ ֊ էնտեղ, բայց շտապում եմ գործս վերջացնեմ գամ։ Գործս էլ Հայկազյան ընկերությունն է և ուրիշ մի ընկերություն, որի անունը շուտով կիմանաք։ Միլիոնից ավելի Հայկազյանի համար խոստում ու գումար եմ բերում3։

Բայց աղջկերանց գալուց հետո, երբ իմացա, թե մյուս օրը հարձակում է եղել պոեզի վրա — շատ վախեցի։ Չգիտեմ ինչպես են հասել։ Կարծում եմ պետք է կարզինկաներից բաներ լինեն հանած, թեև իսկի նշանակություն չեմ տալիս, քանի որ իրենք լավ են հասել։