Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նամակիս հետ ուղարկում եմ 1500 ռ. փոխադրատոմս։ Ստացիր, 500-ը ծախսիր, հարկավոր բաներ առեք, 1000-ը մնա, մերը չի։ Իսկ եթե հանկարծ շատ կարևոր լինի, էդ էլ կծախսեք, կգամ, հալբաթ աստված ողորմած է։ Ծանր օրեր կարող են վրա հասնել, պետք է միշտ պատրաստություն ունենալ։ Վաղը կամ մյուս օրը գնալու եմ նորից Կիսլովոդսկ, ետ գամ — ու դեպի Թիֆլիս։ Ահարոնյանների մոտ եմ լինում։

Համբույրներ ամենքիդ՝ Հովհաննես

271. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Կիսլովոդսկ—Թիֆլիս

1917, հոկտեմբերի 5, Կիսլովոդսկ

Սիրելի Օլյա,

Մի քանի օր առաջ փոխադրել եմ մի գումար, որ մերը չէ, բայց մի երրորդը կարող ես ծախսել, իսկ եթե արտակարգ կարիք լինի — կծախսեք ինչքան հարկավոր կլինի, ես կգամ կհոգամ։ Ահարոնյանն էլ երկու հարյուր ռուբլի կտա, որ դարձյալ մերը չի։ Ես մի քանի օրից հետո դուրս կգամ, կարծում եմ։ Նվարդի նամակից իմացա, որ Վահանն էդտեղ է եղել, խոստացել է, թե եղ ու պանիր կբերի և Սաթիկին կբերի։

Անվերջ զարմանալի մարդիկ են, նրանք էլ, դու էլ։

Նրանք էլ գիտեն, որ ես հազիվհազ մի կերպ իմ ընտանիքն եմ զոռով պահում, դուք էլ, և, այսուամենայնիվ, նույնիսկ էս տեսակ տարին, որ նույնիսկ հաց չի գտնվում ուտելու, ոչ նրանք են մտածում, ոչ դու։

Ուրիշ բան է, եթե միջոց չլիներ, բայց երբ արդեն համոզվեցի, որ նրանք տասնյակ հազարներով պահում են զանազան ծակ ու ծուկերում, իսկ ես տասնյակ հազարով պարտք ունեմ, և նույնիսկ մեր տանր եղած եղն ու պանիրն էլ ես շարունակ առնում եմ, չափից դուրս տգեղ բան է էսքան