Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

312. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս– Երևան

<1919, ապրիլի 29, Թիֆլիս>

Աշխեն ջան,

էս իրիկուն Համլիկը հանկարծ եկավ, թե՝ էգուց առավոտ գնում եմ Երևան։ էնպես հանկարծակիի բերեց, որ չեմ իմանում, թե քեզ համար կամ Բոբիկի համար ինչ եմ կարողանում հասցնեմ։ Մանավանդ Անդրանիկն էլ մեզ մոտ է իջած, և, եթե մեր սովորական ղալմաղալին, վրեն էլ ավելացրած էս վերջին օրերի հիսնամյակի ղալմաղալը, էս էլ ավելացնես՝ կարող ես երևակայել թե ինչ հարսանքատուն է։

Քո բացակայությունը էնքան է զգալի, որ էդ մասին չեմ ուզում խոսեմ։ Բոբիկի զվարթ աղմուկն էլ չկա։ Վերջապես։ Իսկի լավ չէ, երբ որ մարդ շատ է զգում ու նկատում, թե ինչքան է ինքը փոխվել։ Աշխատիր քեզ լավ պահես, երեխին էլ հսկիր։ Գիգան իր գլուխը կպահի, կդիմանա։

Վերջին օրերս Նվարդի խնդիրն էլ տաքացել է։ Համլիկը կպատմի։

Ասում են՝ հեռագրով կանչել են բոլոր օֆիցերներին։ Համլիկին հույս ունեմ, որ կպահեն իր պաշտոնում։ Չթողնես գնա ուրիշ տեղ։ Մուշեղն էլ արդեն էդտեղ է հաստատվել։

Դրությունը հետզհետե էնքան է խախուտանում իմ աչքում, և բոլոր մեծ ու փոքր կառավարիչներն էլ էնքան հիմար են թվում, որ շարունակ սպասում եմ նորանոր աղետների։ Ով գիտի, գուցե աչքս է վախեցած։

Կոմս Լուկումսկին մի 1500 ռ. և մի ինչ-որ ստորագրություն բերեց Գիգային հանձնելու (кн‹яжне› Бвратовой - թե ինչ) ստորագրեցի, ստացա, հանձնեցի մայրիկին, որ ղրկի։

Քո գնալուց հետո մի շարք հրավերքների ենք կանչվել ու հրավերքներ ենք ունեցել, որոնք ինձ միշտ տխրեցրել են։

Չգիտեմ ինչպես անենք, որ էս ամառ մի հանգիստ տեղ լինենք ու միասին։