Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարության մարմիններին։ էս մասին էլ հենց նույն օրերը խնդրեցի և արձանագրություն կազմել տվի, թե Հայենակցական միությունների կենտրոնական խորհրդին ու թե Վրաստանի Ազգային խորհրդի գործադիր մարմնին։

Այժմ, չեմ իմանում տակավին ինչ է մնացել, որտեղ և ինչ ստանալիքներ են մնացել, էդ ամենն էլ ձեռք բերելուց հետո էդ հաշիվները ես ներկայացնելու եմ կաո<ավարու֊ թյանը> եղած ռազմ<ամթերքի> և զենքերի ցուցակի հետ, իսկ մինչև այդ խնդրում եմ պահեցեք Ձեզ մոտ էս հաշիվները։

314. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆիս – Երևան
<1919>, մայիսի 4, <Թիֆլիս>
Աշխեն ջան,

Չէ′ դու գիտես, թե ես ինչքան եմ սասանված արդեն և մյուս կողմից էլ ինչքան եմ հավատում նախազգացումների ու երազների։

Ձեր գնալուց հետո մի գիշեր երազ տեսա, որ ատամիս կողքին մի փոքրիկ սիրուն ատամ էր դուրս եկել, հանեցին ու բերանս արյունով լցվեց։ Զարթնեցի ու էլ քունս չտարավ, սիրտս ահ ընկավ ու շարունակ մտածում էի Բոբիկի մասին1։

Լավ է, որ բժիշկ Սաղյանն է բժշկում ու վտանգավոր բան չկա, բայց էլի շատ զգույշ կաց, նոր տեղ է, օդափոխություն է, ո՞վ գիտի։

Քեզ էլ լավ պահի, Աշխեն ջան, դու իսկի չես հասկանում, որ պետք է կարգին սնունդ առնես։ Ես ձեզանից միայն էդ եմ ուզում, որ ձեզ պահեք ու լավ լինեք, մինչև էս հրեշավոր ժամանակից ազատվենք։

Համլիկի մասին որ գրել էի, թե էդտեղ մնա, պատճառն էն է, որ չեմ ուզում նա զինվորական դառնա կամ պաշտոնյա։ Նա էն տեսակ արագությամբ ու հաջողությամբ էնքան