Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի գեղեցիկ լեզու էր ստեղծում և էնքան էր լուրջ գնում դեպի գրականությունը, որ ես ուզում եմ նա ուսումը շարունակի ու պարապի։ էդ հազար անգամ ավելի լավ կլինի, քան էսօրվան ճանապարհը2։

Մուշեղն էլ, ով գիտի, գուցե իր մասնաճյուղի մեջ մի բան դուրս գա3։

Ամեն օր ճաշին ու իրիկունը մեր տունը լիքն է, շատ ընտիր ու գեղեցիկ հասարակություն է բոլորում շարունակ մեր սեղանի շուրջը ու շարունակ ինձ սաստիկ տխրեցնում։

Անցյալ օրն էլ հրավիրվածները շատ ծաղիկ բերին, տունը կորել էր ամեն տեսակ ծաղկի մեջ, բայց ինձ համար ինչքան շատ՝ էնքան վատ4․․․

Կարծես թե բոլորովին երեխա եմ դառել։

Երեկ չէ առաջին գիշերը հրավիրված էի վրացիների մոտ, շատ լավ գիշեր անցկացրինք, իսկ իրիկունը նրանցից ոմանք էին մեզ մոտ։

Ամերիկական հյուպատոսը ուզում է գա մեր կառավարությանն այցելության, խնդրում է, որ միասին գանք։ էնքան լավ բաներ ասավ, որ քիչ էր մնում համոզի։

Երեկ իրիկուն տիկին Բուլմերինգի մոտ (գեներալ Ակիմովի տանը) մի անակնկալի ենթարկվեցի։

Իբրև թե մի ընտանեկան երեկույթում պետք է կարդային Շանթի «Հին աստվածներրը»։ Առաջին անգամ ես չկարողացա գնալ, հետաձգեցին։

Երեկ էլ ինձ հարմարեցրին ու նշանակեցին ժամը 5-ին, որ ես 8-ից ազատ լինեմ, մոտս հյուրեր էին գալու։ Գնամ տեսնեմ - մի 70-80 հոգի հայ ու գերմանացի ընտիր հասարակություն և դարձյալ իմ 50-ամյակի պատմությունը։ Գերմանացի բանաստեղծ Նեյմանը, որ պիտի կարդար և իր թարգմանած «Հին աստվածները», ռուսերեն լեզվով մի ռեֆերատ կարդաց համառոտ հայոց բանաստեղծության մասին, կանգ առավ ինձ վրա ու ողջույնի խոսք ասավ գերմանացիների կողմից և կարդաց իր թարգմանած «Անիծած հարսը» և երկու ուրիշ ոտանավորներ։