Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

300,000 ռ. և իրենք էլ հանգանակությունը հասցնեին մինչև 200,000 ռ.։

Սակայն, շուտով բռնկվեց հայ-վրացական պատերազմը2, և վրաց կառավարությունը հայտարարեց, թե ամեն մի հայ, որ որևէ կերպ աջակցություն ցույց կտա Հայաստանի կառավարությանը, կհամարվի պետական դավաճան և գույքը կհամարվի հարքունիս։

Միևնույն ժամանակ վրաց միլիցիան խուզարկության ենթարկեց մեր գրասենյակը, որ երկու շաբաթ փակ պահեցինք, մինչև որ ինձ հաջողեց վրաց կառավարությունից գրավոր թույլտվություն ստանալ հանձնաժողովի գործունեությունը ազատ շարունակելու։

Եթե դրա վրա ավելացնենք այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության դիվանագիտական ներկայացուցիչ պ․ Ջամալյանը ոչ միայն մասնակից էր Հայրենակցական միությունների միության նախաձեռնության մեջ քննիչ հանձնաժողովը կազմակերպելու գործում, այլև ի պաշտոնե նրա անդամներից մեկն էր համարվում, հասկանալի կլինի, թե ինչու հայ֊վրացական պատերազմի ընթացքում վաճառականները շատ քիչ բան արեցին հանձնաժողովի համար (մեկ֊երկու հողի նպաստ տվին, այն էլ այն աստիճան վախվխելով, որ հրաժարվեցին անդորրագիր ընդունել)։

Այնուհետև Թիֆլիս եկան հայ-վրացական կոնֆերենցիային մասնակցելու համար Հայաստանի Պառլամենտի հինգ անդամներ3, որոնք անտարբեր վերաբերմունք ցույց տվին դեպի քննիչ հանձնաժողովը, բացի պ. Մ. Հարությունյանից, որ գործին ծանոթանալուց հետո իր կարծիքը փոխեց։

Բավական է ասել, որ հայ պատվիրակության հինգ անդամներից և ոչ մեկը ոչ մի անգամ չբարեհաճեց մտնել հանձնաժողովի գրասենյակը և հետաքրքրվել, թե ինչ է արվում այնտեղ, թեև պատվիրակները բնակվում էին այդ գրասենյակից միայն մի քանի քայլ հեռու գտնվող տան մեջ, և այդ ուղիղ այն ժամանակ, երբ յուրաքանչյուր օր մի քանի հարյուր հայ փախստական էր հաճախում այդ գրասենյակը