Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրողներին, գիտնականներին ու հրապարակախոսներին օգնելու2 — ես կարծում եմ պետք է հարգվի, թեև անցյալ տարի ինձ զգուշացրին՝ չդիմեմ։ Վրացի գրողները իրենց կառավարությունից մի միլիոն են խնդրել և կառավարությունն էլ տալիս է։

Թող մեր կառավարությունն էլ գոնե մի հարյուր հազար ռուբլի տա, եթե ավել չի կարող։

Այնուհետև շատ եմ ուզում, որ առանց բարդությունների վերջանա միացյալ Հայաստանի ակտի շուրջ բարձրացած աղմուկը3։ Եթե մին ծեր տվեց՝ հեռու կգնա։ Մեր ազգը մի էդ տեսակ վատ խասիաթ ունի, մի վատ գիծ ունի, եթե էս էլ էն հին խասիաթն է, որ բռնել է — շատ է ցավալի և հեշտ չի վերջանալ։

Անցյալ օրերը մոտս մի փոքրիկ ժողով կար դրա համար ամեն կուսակցությունից մի քանի հոգի, և մի երկու էլ չեզոք մարդ — երկար խոսակցությունից հետո տեսանք, որ չեն կենտրոնանում ընդհանուր ցավի վրա և գտանք, որ ավելորդ է ավելի մեծ ժողով գումարելը։ Դրանով հենց գուցե ավելի վեճն ու հուզմունքը բորբոքենք։

Շատ բարևներ մեզանից Քսենիա Ֆիլիպովնային ու քեզ։

Քո Հովհ. Թումանյան

320. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏԻՆ

Թիֆլիս—Երևան

Հայաստանի Հանրապետության պարոն նախարարապետին

1919, հունիսի 15, Թիֆլիս

Արդեն Ձեզ քաջ հայտնի է, թե սովորական ժամանակներում ինչ էր գրականությամբ ու գիտությամբ պարապող հայ մարդկանց դրությունը, և դրանից էլ կարող եք եզրակացնել, թե ինչ կլինի էս օրերում, երբ ամեն պարեն ու պիտույք առասպելական գների է հասել և բարձրանում է շարունակ։