Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

353. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

1920, ս<եպտեմբերի> 30, Թիֆլիս
Աշխեն ջան,

Մեր ֆրոնտի նոր աղետը սարսափելի ազդել է վրաս1։ Անպիտան տաճիկը շարունակ նորանոր հարվածներ է տալիու մեր ժողովրդի թարմ վերքերին։

Ինչևիցե։

Իհարկե, դրանից էլ կազատվենք, կշենանանք էլ, և երանի թե մի օր էլ իրենք ազատվեն թուրքությունից ու աշխարհքներ ավերելու սովորությունից։

էսօր քիչ էր մնում, թե ճանապարհ ընկնեի դեպի ֆրոնտը2։ Իրիկուն է։ Երեխեքը հրավիրված էին տ․ Շահմուրադյանի մոտ, որտեղ Վարյան է իջել3։ Փոքրերը նոր եկել են Վարյայի աղջկա հետ, հիմի էլ մեծերն են կանչված․ տիկնոջ անվանակոչությունն է։

Ինձ էլ են կանչել․ չեմ գնալու։ Ես էլ Տիգրանին4 ու Սաղյանին եմ կանչել՝ գան մոտս։ Լավ ընթրիք ունենք, ամեն տեսակ միրգ ու գինի, վերջն էլ սև սուրճ։ Բայց, իհարկե, ամենից լավն էն է լինելու, որ զրույց ենք անելու։

Նրանցից առաջ ձեզ հետ զրույց անեմ։

Կարծում եմ, որ լավ ժամանակ պիտի անցկացնեք։ Մի քիչ Համլիկը կտաքանա։ Շատ մենակ մնաց։ Աշխատեցեք կազդուրվի։ Ես մի նոր դեղ կուղարկեմ, որ ուղղակի կտրում է մալարիան դանակի նման։ Փողի էլ նեղություն չեք քաշիլ։

Փողը արդեն մոտս է՝ մեր չեկերով․ ամենքիդ էլ ուղարկելու եմ։ Մուշեղին էլ եմ ուղարկելու մի 50 հազար։

Աշխեն ջան, ինչպես երևում է իմ նամակը դու չես ստացել5։ Զարմանալի բան է։ Իբրև թե ապահով ձեռքով եմ ուղարկել։

Գիգային ու Լևոնի կնոջը հեռագիր էի ուղարկում, մին էլ ասին՝ վիրավորված է միայն6։ Փառք աստծու, եթե էդպես