Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ գիտես ցավը ինչումն է, որ ընդունակ եք։ Դու իսկի գիտե՞ս, թե ինչ է մեր Անուշը, երբ որ սիրտը բացվում է։

Մի քանի անգամ նա ինձ էնպես է զարամացրել, էնքան սրտալիություն, էնքան հրապուրանք, էնքան խելոքություն ու խորություն, էնքան լայն ու ազատ հայացք ու հետն էլ էնքան ճաշակ ու նրբություն է հանդես բերել, որ ես հաճախ ուզում եմ միմիայն վերհիշել ու վերապրել էդ ժամերը ու լիուլի երջանկություն եմ վայելում՝ մտածելով, թե էդ իմ Անուշն է։ Նվարդի մասին չեմ խոսում, որովհետև էստեղ է։ Վերջապես անվերջ տարբեր մարդիկ եք ու․․․

Թուղթս հատավ՝ ասելիքս չէ։ Նորից կսկսեմ ու չի վերջանալ։

Բարի գիշեր։

Համբուրում եմ ու սպասում նամակներիդ։

Հայրիկդ

354. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս–Երևան

<1920, հոկտեմբերի 1, Թիֆլիս>

Օլյա, ինչպես երևում է Երևանը դուր է եկել թե՛ քեզ, թե՛ Անուշին։ Շատ ուրախ եմ, որ էդպես է։ Միառժամանակ մնացեք, Համլիկը շատ է մենակություն քաշել, հիմի էլ հիվանդ է. վերջապես դժար ժամանակ է։ Ես շարունակ փող կուղարկեմ, փողի նեղություն չեք քաշիր Մինասի հետ հիմի մի հարյուր հազար ռուբլի եմ ղրկում չեկերով1, էս երկու օրս էլի կուղարկեմ։

Մենք լավ ենք։ Ամեն բան տեղն ու կարգին։ Շատ լավ ճաշ ենք ստանում 120 ռուբլով. հինգ ճաշ ենք բերել տալիս, չենք էլ կարողանում ուտենք։ Մի քանի մթերքներ էլ առել եմ։ Այժմ փետ եմ առնելու մի սաժեն ու կես։ Կարծեմ հերիք է. մի քիչ էլ ունենք։ Մի չորս փութ հրաշալի մակարոն ու վերմիշել