Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



356. ՀՈՎՀԱՆՆԵՍ (ՀՈՎԻԿ) ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

<1920, հոկտեմբերի 9, Թիֆլիս>
Հովիկ ջան,

Դու ինչպես ես. մենք բոլորս շատ լավ ենք։ Միշտ հիշում ենք քեզ։ Իմացել ենք, որ դու արդեն մեծ տղա ես դարձել։ Ուսումնարան ես գնում։ ճանապարհին կաթնի ամաններ ես գտնում։

Իմացել ենք, որ ձուկ ես բռնում, հայրիկին ու մայրիկին պահում ես։ Հայրիկն էստեղ է. մասխարություններ է անում Սեդիկին ու Թամարին ծիծաղեցնում։

Դու էդտեղ լավ մտիկ արա, որ Անուշն ու Համլիկը չարություն չանեն։

Տատիկին ու մայրիկին էլ լավ պահի։

Ինչ ես ուզում, գրի, որ քեզ համար ղրկեմ։

357. ԱՆՈԻՇ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս–Երևան

1920 թ., 9 հոկտեմբերի, <Թիֆլիս>
Անուշ ջան,

Գիշերվա ժ. 12<-ին> մոտ է։ Երեխաների մի մասը քնած են, մյուս մասը թատրոնումն են։ էս գիշերվա կոնցերտն ամբողջովին նվիրված է Բեթհովենին։

Սասունիկն էլ է մերոնց հետ թատրոնում և մեզ մոտ է գիշերելու։

Շատ հյուրեր ունեինք թեյին։ Բժ. Սաղյանի ընտանիքը մեզ մոտ էր։ Ծանոթացանք։ Շատ ինտելիգենտ կին է1։ Նրանք էլ մերոնց հետ գնացին թատրոն։ Սիրահարների նման են։ Շատ լավ է։

Հետո Վարյան ու իր աղջիկն էին, տ. Քալանթարյանը, Սառիկյանները և այլն։ Վասիկն եկավ։