Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գալիս էին, գնում։

Մերոնց քեֆն էլ տեղն է։ էսպես, այժմ ես մենակ եմ կաբինետում — մտածեցի քեզ հետ մի քիչ զրույց անեմ։

Եվ զարմանալին ինչն է։ Զարմանալին էն է, որ հենց էս րոպեին միաժամանակ մտածում եմ՝ թե նույնիսկ էս հաճույքն էլ, որ հեռվից զրույց եմ անում քեզ հետ — պիտի անցնի։

Լսողը կարող է կարծել, թե էդ միտքը կթունավորի հենց էս հաճույքն էլ, բայց ո՛չ, էդպես չի ինձանում։ Ընդհակառակը, ավելի խորացնում է ու գեղեցկացնում, որովհետև անցնելուց ես չեմ սարսափում, ես լավ գիտեմ, որ պիտի անցնի, ես հաշտված եմ դրա հետ։ Թեպետև, իհարկե, մի խորին վիշտ ասեմ թե ափսոսանք էլ հետն ունեմ միշտ։

Ուզում էի երկար խոսել, բայց գալիս են արդեն։ Բարի գիշեր, Անուշ ջան։

Հայրիկ

358. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

1920, հոկտեմբերի 16, <Թիֆլիս>
Աշխեն ջան,

Մի քանի հոգի են եկել իրար ետևից և, կարծես, մեր ջգրու, ամենքն էլ ասում են ձերոնց տեսանք, և ․․․ վերջ։

Ոչ մի նամակ։

է՛հ, շատ լավ։

Թեկուզ տասը տարի էդտեղ նստեք — կարծեմ սա վերջին նամակը կլինի, որ ես գրում եմ։

Գիգան ասում է, թե իրեն նշանակել են էստեղի վրացիների հետ բանակցելու, և էդ պատմությունը տևելու է երկար1։ Ես կարծում եմ էն ժամանակ լավ կլիներ, որ դու էլ Հովիկի հետ գայիր էստեղ։ էդտեղ մենակ ի՞նչ պիտի անես։ Առանց էն էլ էս մեր կողքի ճերմակ ճիճվին պետք է հեռացնեմ, քեզ համար սենյակ կլինի առանձին։