Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եթե հրաշքով մի նոր դրություն չստեղծվեց, ստեղծված դրությունը շատ է դժոխային և հղի ծանր հետևանքներով։ Չեմ հասկանում, թե էս ձմեռը ոնց պիտի անցկացնի մեր դժբախտ ժողովուրդը։ Մանավանդ ժանտախտն էլ ներս է մտել, ցուրտն էլ ընկնում է, վառելիք էլ չկա։

Ինչևիցե։ ճանապարհներ կան, որ տանում են անդունդի, և կույր գնացողը առհասարակ չի նկատում։ Երբ որ ափն է հասնում, նոր է նկատում, իսկ շատերը ընկնելուց հետո են իմաստուն դառնում2։

էսօր լուր բերին Բաքվից եկողները, թե էնտեղ 45 հոգու գնդակահարել են, հայտնի չի ում և ինչու։

Մենք լավ ենք։

Ջերմագին համբույրներով՝

հայրիկ

359. ԱՇԽԵՆ ԵՎ ԱՆՈԻՇ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Թիֆլիս — Երևան

<1920, հոկտեմբերի կեսեր>

Սիրելիք, ինչպես սովորաբար գրում ենք ընդհանուր նամակների գլխներին. կամ՝ զզվելիներ, ինչպես Արփոն է անվանում ձեզ։

Մի քիչ առաջ նստած էինք ընթրիքի, բաստուրմա ունեինք, Նվարդն էլ ուզում էր Վարյային էլ հրավիրի՝ ես չթողեցի։ Եվ ինչ լավ արի։ Նստեցինք ընթրիքի, խորովածը բերին, թե հաց չունենք։ Վերջապես Գիգան իր մասխարությունները սկսեց, ու սկսեցինք մասխարություններով ընթրիք անել, ձեզ հիշեցինք, հետո հիշեցինք, որ ամոթ է մեր շրջանում ձեր անունը տալը, հենց էդ ժամանակ ներս բ<երին ձեր> հեռագիրը1, թե դուք կատարյալ առողջ եք, և հեռագրի տակը բոլորիդ անունը՝ բացի էն միակ մարդու անունը, որի հետ հաշտ է մեր շրջանը — բացի Հովիկի անունը։ Ուրեմն նա հիվա՞նդ է, ի՞նչ է։ Վճռեցինք հեռագիր տալ, թե ինչպես է Հովիկի առողջությունը, մին էլ ասինք՝ չեք հասկանալ։